10 րոպե կինոյի մասին

Ռադիոապստամբություն․ 10 րոպե կինոյի մասին

Այսօր դիտելու համար ընտրությունս կանգ է առել հետաքրքիր թեմատիկայով մի ֆիլմի վրա: Քանի որ ամիսներ շարունակ դուք լսում եք մեզ, որոշեցի գտնել մի ֆիլմ, որը  պատմում է ռադիոհաղորդում վարող և լսող դեռահաս-ունկնդիրների մասին: Ուրեմն, 2012 թվականին Դիսնեյ հեռուստաընկերությունը ներկայացնում է իր «Radio Rebel» վերնագրով հեռուստատեսային ֆիլմը: Համացանցում այն ռուսերեն կարող եք գտնել «Бунтарка Радио» անունով, հայերեն էլ թերևս կարելի թարգմանել այսպես. «Ռադիոապստամբություն»: Ռեժիսորը Փիթեր Հոուիթն է, որը ֆիլմը նկարահանել է  «Կծկված մանուշակը» նովելի հիման վրա: Գլխավոր դերում հանդես է գալիս Դեբի Ռայանը:

Թերա Ադամսը, տասնյոթ տարեկան ամաչկոտ աշակերտուհի է, սովորում է Լինքոլն- Բէեյ դպրոցում ու նույնիսկ վախենում է ինչ-որ մեկի հետ դպրոցի միջանցքներում կամ դասարաններում խոսել։ Անկեղծ ասած, մեր դասարանում էլ է նման աղջիկ եղել … Սակայն, ինչպես պարզվում է, Թերան այնքան էլ քչախոս չէ՝ երբ  մենակ է իր սենյակում: Առցանց տիրույթում նա նույնիսկ հայտնի է DJ «Բունտար»՝ ապստամբ մականունով։ Նրա խոսքերը ոգևորում են աշակերտներին, այսպիսով աղջիկը ձեռք է բերում երկրպագուների մեծ բանակ։ Նրա խորթ հայրը՝ Ռոբը, աշխատում է Սիեթլի ամենահայտնի ռադիոկայանում՝ «SLAM FM»-ում։ Եվ երբ  իմանում է, որ հայտնի «Բունտարը», Թերան է,  որոշում է նրան դարձնել «SLAM FM»-ի DJ:

Պահպանելով  գաղտնիքը, Թերան դառնում է հայտնի, և իր ռադիո հաղորդումներում հասակակիցներին տարբեր խորհուրդներ  է տալիս և կոչ անում լինել այնպիսին, ինչպիսին՝  կան։

Դիջեյ Բունտարը դպրոցի ռադիոցանցով անհնազանդության ակցիաների կոչեր է անում՝  ասում է, որ բոլոր աշակերտները կարմիր զգեստներ կրեն, դասամիջոցին պարեն  ու նմանատիպ բաներ… Մի անգամ նա մեծ երեկույթ է կազմակերպում դպրոցում՝ DJ Քամի Քյուի մասնակցությամբ: Բայց նմիջապես հայտնվում է դպրոցի տնօրենը՝ Մորենոն և բոլորին արգելում  լսել «Բունտարի» հաղորդումը:

Բարկացած Մորենոն որոշում է չեղյալ հայտարարել երեկույթը, իսկ  Թերան   ողջ ընթացքում շարունակում է թաքցնել իր ինքնությունը։  նրա դասընկերները հիասթափվում են, զանգահարում  ռադիոկայան, որպեսզի հայտնեն իրենց բողոքը․ Դիջեյ Բունտարը  կոտրել էր իրենց երազանքները։ Դա թույլ չտալու համար Թերան և «SLAM FM»-ը որոշում են նոր, էլ ավելի շքեղ երեկույթ կազմակերպել: Միջոցառման վերջում աշակերտները «երեկույթի թագուհի» տիտղոսի համար առաջադրում են հենց «DJ Բունտարին»:  Թերան՝  գիտակցելով, որ Մորենոն կհեռացնի իրեն դպրոցից, միևնույն է, բարձրանում է բեմ, որպեսզի ստանա  թագը։ Նրա ետևից անմիջապես բեմ է բարձրանում դպրոցի տնօրենն ու հայտնում, որ  աղջիկը կարող է այլևս դպրոց չգալ …

Թերային պաշտպանելու  համար նրա լավագույն ընկերուհին՝ Օդրին բղավում է՝ «Ոչ, ես եմ Բունտարը »։  Հետո նույնն անում է Գևինը, որը սիրահարված է Թերային: Բոլոր աշակերտները մեկը մյուսին հերթ չտալով հետևում են նրանց օրինակին , ինչից հետո Մորենոն «վայր է դնում զենքերն» ու լքում տարածքը:

Թերան անչափ ուրախ է, որ դասընկերներն իրեն ընդունեցին: Նա թագը տալիս է Սթեյսիին՝ իր երբեմնի հակառակորդին: Ֆիլմն ավարտվում է Թերայի և Գևինի պարով, որոնք վերջապես կարող են լինել այնպիսին, ինչպիսին որ կան։

Կարո՞ղ է արդյոք քչախոս աղջիկը դառնալ իր սերնդի ձայնը … կիմանաք եթե դիտեք 92 րոպե տևողությամբ «Ռադիոապստամբություն» կամ «Бунтарка Радио» ֆիլմը: Հուսով եմ, այս պատմությունից հետո,  չեք ապտսամբի FM 97.3-ի դեմ  ու մեզ կբաժանորդագրվեք նաև սոցիալական հարթակներում:

Ցուցադրել ավելի
Back to top button