Հիթ 1

Իսկ ես գնում, քայլում եմ Մոսկվայով․․․ Հիթ 1

Հիթ Մեկի հերթական հաղորդումը նվիրել եմ մի ընտիր երգի, որն առաջին անգամ հնչել է 1963 թվականին, գրեթե, համանուն կինոնկարում։ Ինչու գրեթե՞․․․ որովհետև երգն ու ֆիլմը համարյա նույն անունն ունեն։ Ֆիլմը կոչվում է ՝ «Ես քայլում եմ Մոսկվայով»- «Я шагаю по Москве», իսկ երգը՝  «А я иду, шагаю по Москве» ։

Կինոնկարը նկարահանել է անվանի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան, հանրահայտ «Միմինոյի» հեղինակը, և այն պատմում է Մոսկվայի մետրոյի երիտասարդ շինարարների ու նրանց ընկերների մեկ օրվա մասին։ Գլխավոր դերում հանդես է եկել մեկ այլ անվանի կինոռեժիսոր ու նաև դերասան, այն ժամանակ 18 տարեկան Նիկիտա Միխալկովը։

Ի միջի այլոց, երգն էլ ֆիլմում հենց նա է երգում։ Երգում է, էսպես ասենք, համարյա բավարար, քանզի պրոֆեսիոնալ երգիչ չի․․․կարելի էր ավելի լավ կատարողի հրավիրել, բայց Դանելիան էդպես է հարմար գտել։ Դանելիան, հաճախ էր անում էնպես, ինչպես ինքն էր հարմար գտնում, դա էլ ռեժիսորի իրավունքներից է։

Լավ․․․իսկ ո՞վ է գրել էս գեղեցիկ, անմոռանալի, ըստ էության՝ բոլոր օրենքների համաձայն իսկական ջազ-ստանդարտը։

Գրել է սովետական կինոյի ամենամեղեդային, ամենատաղանդավոր, ամենանուրբ հոգեկերտվածք ունեցող կոմպոզիտորներից մեկը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Անդրեյ Պետրովը։ Պետրովի գրած երգերն ու մեղեդիներն էնպես են լրացնում կինոնկարները, որ ակամայից թվում է, թե նա սցենարիստներից մեկն է, ո՛չ ավել, ո՛չ պակաս։  

Լավ․․․ իսկ ո՞վ է գրել երգի խոսքերը։ Երգի խոսքերը գրել է նույնքան տաղանդավոր, սակայն, ցավոք՝ քիչ ապրած մի մարդ՝ Գենադի Շպալիկովը, որը, պատկերացեք, նաև տվյալ կինոնկարի սցենարիստն է։  

Էս հիրավի ոգեղեն, անկեղծ բառերով երգի մասին, որի հեղինակներն են Անդրեյ Պետրովն ու Գենադի Շպալիկովը, վերջին շտրիխը՝ Շպալիկովն իրականում սկզբից գրել էր՝ «Նավակի վրա կծածանեմ ճերմակ առագաստը, դեռ չգիտեմ որտեղ»․․․ սովետական ամենազոր, գրաքննիչները՝   դեմքները խոժոռելով նրան ստիպեցին փոխել «չգիտեմ որտեղ»-ը ու այն դարձնել «չգիտեմ ում հետ, բազմանշանակ ակնարկելով․ «Էդ որ գրել ես «չգիտեմ որտեղ, կարող է՞ մտքիդ սովետական միությունից փախչելն է, երիտասարդ․․․»։ Շպալիկովը, որը շատ էր նեղվում ամեն տեսակ պարտադրանքներից՝ ստիպված էր գնալ էդ քայլին։ Բա էլ ի՞նչ աներ, 60-ականներն էին՝ սովետական, խիստ 60-ականները, որոնց ժամանակ, սակայն երբեմն-երբեմն էնպիսի պայծառ ու հիշվող գործեր էին հրաշքով կյանքի ուղեգիր ստանում, ինչպիսին է «А я иду, шагаю по Москве» երգը, գրեթե համանուն կինոնկարից։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button