10 րոպե կինոյի մասին

«Մեծ շոումենը». 10 րոպե կինոյի մասին

2017 թվականի նոյեմբերի 8-ին  «Queen Mary- 2» նավի վրա տեղի է ունենում «20-րդ դար Ֆոքս» կինոստուդիայի «Մեծ շոումենը» կենսագրական դրամայի պրեմիերան, որի ռեժիսորը Մայքլ Գրեյսն է։ Երաժշտական ֆիլմը պատմում է ամերիկացի շատ հայտնի շոումեն Ֆինեաս Թեյլոր Բարնումի կյանքի մասին, որը 19-րդ դարի ամենահայտի թափառաշրջիկ կրկեսի հիմնադիրն է։ Նրան մարմնավորել է դերասան Հյու Ջեքմանը, մյուս դերերում հանդես են եկել Զաք Էֆրոնը, Միշել Ուիլյամսը, Ռեբեկա Ֆերգուսոնը և Զենդայան։ Ահա,այս ֆիլմի մասին ենք խոսելու այսօր։

«This is me» ․․․երգը, որը հիմա լսում եք, 2018 թվականին 75-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել «Լավագույն երգ» անվանակարգում։ Նույն անվանակարգում նոմինացվել է նաև Օսկարի։

«Մեծ շոումենը» ֆիլմը կինոքննադատների կողմից տարբեր արձագանքներ է ստացել։ Հիմնականում գովաբանվել է  դերասանական խաղը՝ հատկապես Հյու Ջեքմանի, երաժշտությունը, պրոդյուսերական աշխատանքը: Հնչել են նաև կարծքիներ, որոնցում ֆիլմն անվանել են «պակաս ոգեշնչող» ու «մակերեսային»։

Եվ այնուամենայնիվ, ֆիլմը բարձր վարկանիշ ունի համացանցային ամենահայտնի կինոհարթակներում ու վստահորեն կարող եմ ասել, որ վայելում է հանդիսատեսի սերը։ Դա են փաստում նաև սոցիալական ցանցերում ֆիլմի առանձին դրվագներով, երաժշտական համարներով հոլովակներն ու դրանց վերաբերյալ մեկնաբանությունները, որոնք ես նույնպես նկատեցի, դիտեցի ֆիլմն ու շատ-շատ հավանեցի։ Ամեն դեպքում, կարծիք կազմում ես այն ժամանակ, երբ ինքդ ես դիտում։ Լավ է մեկ անգամ տեսնել, քան «10 րոպե» լսել ․․․ կես կատակ-կես լուրջ, բայց մեր հաղորդման ձևաչափն է այդպիսին, ես պատմում եմ, առաջարկում եմ ֆիլմեր, իսկ դուք եթե  դիտում եք՝ հավանում եք կամ չեք հավանում։ Ցանկացած պարագայում գրեք ձեր կարծքիները Ռադիո Արևիկի ֆեյսբուքյան էջում …

Ֆինեաս Թեյլոր Բարնումը և նրա դերձակ հայրը աշխատում էին  Հալեթների ընտանիքում: Երիտասարդ Բարնումը ծիծաղեցնում է Չարիթի Հալեթին, ինչի համար էլ ապտակ է ստանում աղջկա հորից՝ պարոն Հալեթից։ Երեխաները միևնույն է հավանում են միմյանց, նրանք նորից հանդիպում են, միասին ժամանակ անցկացնում, սակայն մի օր Չարիթին հայտնում է, որ իրեն դպրոց են ուղարկում՝ այլ քաղաք։ Բարնումը հանգստացնում է Չարիթիին՝ ասելով, որ նրանք երբեք չեն բաժանվի։ Ողջ ընթացքում պատանիները կապ են պահպանում նամակների միջոցով։ Անցնում են տարիներ և արդեն տղամարդ դարձած Թեյլոր Բարնումը գալիս է Չարիթիի հոր կալվածք՝ իր մանկության սիրո հետքերով։ Նրանք ամուսնանում են և ապրում Նյու Յորքում՝ շատ համեստ ու խեղճ պայմաններում, սակայն սիրով ու ջերմությամբ են մեծացնում իրենց երկու դուստրերին։ Չարիթին երջանիկ է, մինչդեռ Բարնումը շարունակում է երազել մեծ ապագայի մասին։

Բարնումը բանկից վարկ է վերցնում ու գնում Մանհեթենի կենտրոնում գտնվող «Մոմե արձանների» թանգարանը։ Սկզբնական շրջանում բիզնեսը դանդաղ տեմպերով էր զարգանում և Բարնումը՝ լսելով իր դուստրերի խորհուրդը, որոշում է «կենդանացնել»  թանգարանը։ Ավելի շատ մարդիկ կայցելեն թանագարան, եթե իմանան, որ այնտեղ՝ բացի անշարժ արձաններից, անակնկալներ են լինում՝ այցելուները տեսնում են կենդանի ու շարժվող պատկերներ։ Բարնումը փնտրում ու գտնում է տարօրինակ ու արտասովոր արտաքինով մարդկանց ․․․ գաճաճ տղամարդ, շատ գեր, շատ բարձրահասակ մարդ, կին, որի դեմքին իսկական մորուք է աճում։ Էլի շատ ու շատ հետաքրքիր կերպարների է նա համախմբում և ինքն էլ հանդես գալիս՝ որպես շոումեն՝ներկայացնում է անսովոր արտիստներին ու նաև երգում։  Նոր շոուն մեծ արձագանք է գտնում հասարակության շրջանում, բայց լինում են նաև սուր քննադատություններ։

Մի անգամ էլ Բարնումը թերթի մի հոդվածում կարդում է, որ հեղինակն իր թանգարանին հեգնանքով կրկես է անվանել, ինչից հետո անվանափոխում է իր բիզնեսը։  Բարնումի կրկեսը մեծ փառք է վայելում և ընդունում շատ ու շատ այցելուների։ Հասարակության բարձր խավի մոտ համբավ ձեռք բերելու համար, նա համագործակցություն է սկսում հայտնի դրամատուրգ Ֆիլիպ Քարլայլի հետ և շուտով նրանք ընդունելության են արժանանում  Վիկտորյա թագուհու մոտ։

Բարնումը ծանոթանում է հայտնի շվեդ երգչուհի Ջենի Լինդի հետ ու որպես վերջինիս պրոդյուսեր, համերգներով շրջագայում է Միացյալ Նահանգներում։ Բարնումը՝ հայտնվելով վերնախավի առաջ, ասես, կաշկանդվում ու չի ուզում ներկայացնել իր  արտասովոր արտաքինով դերասաններին։ Իսկ դերասանները՝ չհամակերպվելով որոշ մարդկանց անհարգալից վերաբերմունքին, որոշում են կռիվ տալ։

Արագ ու ինտրիգային զարգացումներ կան ֆիլմում, որոնք ուղեկցվում  են  հրաշալի երգերով։ Կրկեսի հրդեհից՝ Բարնումի ունեցվածքի բռնագանձում ու ամուսնական հարաբերությունների դադար։ Իսկական հեքիաթային ու գունագեղ մյուզիքլ՝ երբեք չհանձնվելու, երազանքին հավատալու ու դրա հետևից մինչև վերջ գնալու, սիրո և հավատարմության, հասարակության կարծրատիպային մտածելակերպի ու անարդար խտրականությունների դեմ պայքարի, ընտանեկան ու ընկերական բարձր արժեքների մասին։ Խորհուրդ եմ տալիս դիտել մեկ ժամ 45 րոպե տևողությամբ «Մեծ շոումենը» ֆիլմը։

Ցուցադրել ավելի
Back to top button