Տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնցից 16-ը՝ բակալավրի կրթական աստիճանով, իսկ 18-ը՝ մագիստրոսի: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 10 ուսանողի կշնորհվի 220.000-ական դրամ կրթաթոշակ:
Մրցույթն անցկացվել է 7 ոլորտներում՝ բնագիտության, հասարակագիտության, հայագիտության, հումանիտար, բժշկության, ճարտարագիտության և մշակույթ-սպորտի: Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների հավաստագրերը, ինչպես նաև նախարարության դրամաշնորհով տպագրված նվերները՝ գրքերը, հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներից և ուսանողներից բաղկացած տրիոյի և վոկալ կվարտետի կատարումներով: