10 րոպե կինոյի մասին

«Բիլի Էլիոթ»․ 10 րոպե կինոյի մասին

Այսօր պատմելու եմ իմ ամենասիրելի ֆիլմերից մեկի մասին: Այն նկարահանվել է 2000 թվականին, այսինքն ուղիղ 22 տարի առաջ։ Բայց․․․ վերջերս, տարբեր առիթներով, երբ տալիս էի ֆիլմի անունը, նկատեցի, որ շատերը ծանոթ չեն այս կինոնկարին ու հիմա որոշել եմ ներկայացնել այն։ Եթե հետաքրքրի՝  կարող եք դիտել առաջիկա օրերին:

Խոսքը վերաբերում է բրիտանական «Բիլի Էլիոթ» կինոնկարին, որը պատմում է 11 ամյա մի տղայի երազանքի մասին․նա շատ էր ուզում բալետի արտիստ  դառնալ: Գլխավոր դերը մարմնավորել է Ջեյմի Բելը: Սցենարի հեղինակը Լի Հոլն է, իսկ ռեժիսորը՝ Սթիվեն Դոլդրին:

Գործողությունները տեղի են ունենում 1984 թվականին՝ հորինված  «Էվերինգթոն» քաղաքում: 11 ամյա Բիլի Էլիոթն ապրում է իր ամուրի հոր, մեծ եղբոր՝ Թոնիի ու տատիկի հետ: Վերջինս՝ երիտասարդ տարիքում նույնպես ցանկացել է բալետի պարուհի դառնալ: Տղայի հայրն ու եղբայրը հանքափորներ են, մասնակցում են գործադուլի ու բողոքի ցույցերի:

Ջեքին՝  Բիլիի հայրը, տղային տանում է մարզադպրոց՝ բոքսի պարապմունքների: Դե, ինչպես իսկական հանքափոր, իր շրջապատից հետ չմնալու համար՝ նա պարտավոր էր իր տղային տեղավորել այդ սպորտաձևի ակումբում: Սակայն Բիլիին ամենևին էլ դուր չի գալիս բռնցքամարտը, փոխարենը՝ նրա ուշադրությունը գրավում է  բալետը, որի դասերը տեղի էին ունենում նույն շենքում: Նա հորից թաքուն սկսում է հաճախել բալետի: Մի անգամ էլ, Ջեքին  մարզչից իմանում է, որ արդեն տևական ժամանակ է ինչ Բիլին չի հաճախում մարզումների: Տղայի գաղտնիքը բացահայտվում է: Ջեքին կտրականապես դեմ է, որ որդին զբաղվի, ինչպես ինքն է ասում այդ ոչ տղայական կամ տղամարդուն ոչ վայել պարերով ու արգելում է Բիլիին հաճախել բալետի: Բայց, արի ու տես, որ 11 ամյա պատանին իսկապես սիրահարվել է այս արվեստին ու թաքուն շարունակում է պարապել՝ արդեն մասնավոր դասերի հաճախելով իր ուսուցչուհու տուն:

Ջորջիան՝ բալետի ուսուցչուհին նկատում է տղայի տաղանդն ու խորհուրդ տալիս նրան դիմել Լոնդոնում գտնվող Բալետի թագավորական դպրոց:  Եղբոր՝ Թոնիի ձերբակալության պատճառով, Բիլին բաց է թողնում լսումների օրը:

Ջորջիան գալիս է նրանց տուն՝ խոսելու տղայի հոր հետ, համոզելու, որ նրան  մեծ ապագա է սպասվում, եթե նա զբաղվի բալետի արտիստի կարիերայով: Ջեքին կտրուկ մերժում է ուսուցչուհուն, նրան դուրս հրավիրում տանից, իսկ տղային էլ ասում է, որ մոռանա այլևս բալետի մասին:

Մի օր էլ Ջեքին, պատահաբար, տեսնում է, թե ինչպես է պարում Բիլին ու կարծես․․․ հրաշք է տեղի ունենում: Նա գնահատում է տղայի տաղանդն ու որոշում է, որ պետք է աջակցի որդուն, որպեսզի  նա ստանա որակյալ կրթություն ու կարողանա իր համար բարեկեցիկ կյանք ապահովել՝ ծանր սոցիալական խնդիրներով ճահճացած քաղաքից դուրս: Նա վաճառում է իր ունեցած ամենանվիրական իրերը ՝ կնոջ զարդերը, որպեսզի Բիլիին հետ ուղևորվի Լոնդոն: Ընդունելության քննության ժամանակ տղան հիանալի ելույթ է ունենում, այնպես, որ  հանձնաժողովի անդամների բերանները, բառիս բուն իմաստով, բաց են մնում:

Մեզնից յուրաքանչյուրի ներսում մի յուրահատուկ տաղանդ կա թաքնված, որն սպասում է արտաքին աշխարհ դուրս գալու իր հերթին: Խնդիրն այն է, որ դրա համար ելքեր են պետք:

Կինոնկարը մեծ հաջողություն է ունեցել նաև վաճառքի առումով: Այսպես. Ֆիլմի բյուջեն 5մլն դոլար է, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 109 մլն դոլարից ավելի: Ի դեպ, 2005 թվականին ֆիլմի սյուժեի հիման վրա Լոնդոնում մյուզիքլ է բեմադրվել:

Երևի այսքանը՝ ֆիլմի մասին: Խորհուրդ եմ տալիս դիտել այն:

Ցուցադրել ավելի
Back to top button