Նույնիսկ այսօր, երբ մարդկությանն այլևս ոչինչ չի զարմացնում և անգամ Մարս մոլորակից ստացված տեսանկարահանումները սովորական են թվում, անհնար է Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները կարդալ առանց լարվածության և սպասումի՝ տեսնես հետո ի՞նչ է լինելու։
Ժյուլ Վեռնը ծնվել է 1828 թ. Ֆրանսիայի Նանտ քաղաքում: Մանկության ու պատանեկության տարիներին շատ է կարդացել գրքեր արկածների ու ճամփորդությունների մասին, հատկապես անմարդաբնակ կղզիներն են հրապուրել նրան: 11 տարեկանում նույնիսկ փորձել է ծնողներից թաքուն ուղևորության մեկնել նավով՝ արկածներ որոնելու: Խորամանկորեն հայտնվել է Հնդկաստան մեկնող նավի վրա, ճանապարհ ընկել, և միայն մոտակա առաջին կանգառում է հայրն արագընթաց նավակով հասել նրան: Այս արկածն ավարտվել է խիստ պատժով և ծնողներին տված խոստումով՝ այլևս երբեք այդպիսի բան չանել: Բայց արկածների հանդեպ սերը հո չէր կորչելու: Ժյուլը, քանի դեռ փոքր էր, եղբոր՝ Պոլի հետ ծովահեն-ծովահեն, նավաստի-նավաստի, Ռոբինզոն-Ռոբինզոն էր խաղում: Իսկ երբ մեծացավ, սկսեց գրել, ստեղծել արկածների ի՛ր աշխարհը, որտեղ իրար էին հյուսվում երևակայությունն ու գիտությունը…
Պարզվում է, շատ բաներ, որոնց մասին գրել է Ժյուլ Վեռնը և որոնք պարզապես նրա երևակայության արդյունքն էին համարվում, մարդկությունը հայտնագործեց հետագայում: Գրողի կյանքն ու գործը ուսումնասիրող հետազոտողները կազմել են այն բոլոր կանխատեսումների ցանկը, որոնք արել է Ժյուլ Վեռնն իր վեպերում. սուզանավ, տիեզերանավ, ինքնաթիռ, ուղղաթիռ, էլեկտրամոբիլ, հեռուստացույց, ֆաքս…շարքը շատ երկար է, այն եզրափակենք համակարգչով: Չե՞ք հավատում. լսեք այս մեջբերումը նրա՝ «Փարիզը 20-րդ դարում» վեպից, որն, ի դեպ, գրողի կյանքի օրոք լույս չի տեսել:
«Սարքն ինչ-որ բանով մեծ դաշնամուր էր հիշեցնում,-գրում է Ժյուլ Վեռնը,- սեղմում եք ստեղնները և նույն րոպեին ստանում ցանկացած բնույթի տեղեկություն, տարբեր գործողություններ ու հաշվարկներ եք անում»:
Դուք ասեք՝ մի՞թե համակարգչի մասին չէ խոսքը: Գրողի նկարագրած սարքը ձեզ չափերով մե՞ծ է թվում: Այո, եթե այսօրվա համակարգիչները նկատի ունենաք, բայց, կարծում եմ, թեկուզ «ինֆորմատիկա» առարկայից գիտեք, որ առաջին համակարգիչներն իրականում հենց այսպիսի չափեր էլ ունեցել են:
Եթե դեռ չեք կարդացել Ժյուլ Վեռնի ստեղծագործություններից և ոչ մեկը, ձեզ կարելի է նույնիսկ մի քիչ նախանձել. դա նշանակում է, որ նոր հայտնագործություններ ունեք անելու։ «20000 լյո ջրի տակ» վեպում կծանոթանաք նավապետ Նեմոյի հետ, աշխարհի շուրջը ո՛չ այսօրվա, այլ 19-րդ դարի փոխադրամիջոցներով պտույտ կգործեք Ֆիլեաս Ֆոգի հետ՝ գրազը շահելու համար, տիեզերական ճամփորդություն կկատարեք թնդանոթի արկի ձև ունեցող պարկուճով՝«Երկրից՝ Լուսին» վեպում, «Ուղևորություն դեպի Երկրի կենտրոն» վեպում կհասնեք Երկրագնդի կենտրոն …