Լուրեր

Օրացույց. փետրվարի 17

Փետրվարի 17–ը լավ ու բարի նախաձեռնությունների օր է․ այդպես է ասում օրացույցը՝ հիշեցնելով, որ փետրվարի 17–ը բարության ինքնաբուխ դրսևորման օրն է: Առիթով ու անառիթ հաճախ ենք խորհում այն հարցի շուրջ, թե ինչ է բարությունը։ Շարադրություններ ենք գրում, եթե հանձնարարում են դպրոցում, քննարկումների ենք մասնակցում։ Ե՞վ․․․ի՞նչ է բարությունը, ի վերջո գտնու՞մ ենք այս հարցի պատասխանը։

Բարությունը անտարբեր չլինելն է, որքան էլ հոգսեր ու խնդիրներ ունենաս, ուրիշներին կարեկցել կարողանալն է։ Անշահախնդիր օգնելն է նրան, ով քո օգնության կարիքն ունի․ ․․

Այդպես է, իհարկե, բայց ամենօրյա վազքի մեջ, մեր խնդիրների մեջ  խրված, հաճախ ենք անտարբեր անցնում ոչ միայն անծանոթների, այլև անգամ ընկերների ու մտերիմների որևէ խնդրի կողքով այն դեպքում, երբ մեր փոքրիկ մի ջանքն անգամ կարող է օգնել նրանց։

Այսօր այդ ջանքը գիտակցաբար գործադրելու,  մեր օգնության կարիքն ունեցողին անպայման նկատելու և անպայման օգնելու օրն է։ Որտե՞ղ, օրվա ո՞ր պահին, ի՞նչ իրադրության մեջ դա կլինի․ եթե ուշադիր լինենք, ապա կպարզենք, որ մեր օգնության կարիքը մեր շրջապատը, ընկերներն ու հարազատները շատ ավելի հաճախ են զգում, քան կարող էինք պատկերացնել։

Տարվա մեջ այսպիսի օր նշելը  միջազգային բարեգործական կազմակերպությունների համեմատաբար նոր նախաձեռնություններից է։ Նպատակը բոլորիս հիշեցնելն է, որ գթությունն ու  կարեկցությունը հենց այնպես բառեր չեն, այլ գործ և գործելու կամք։

Օրացույցը հիշեցնում է, որ այսօր նաև տեղեկության կառավարման համաշխարհային օրն է։ Վաղուց արդեն բոլորս գիտենք, որ այսօր, համացանցի շնորհիվ, տեղեկությունն ու տեղեկատվությունը, ի թիվս այլ գործոնների, կարող են օգտագործվել թե՛ ի նպաստ, և թե՛ ի վնաս մարդու և հասարակության։

Այն, թե ինչին կծառայի տեղեկությունը, որպես կանոն կախված է այն ստեղծողի հմտությունից, նպատակներից, նորագույն տեխնոլոգիաների՝ նրան տված գործիքներից։  Բայց իհարկե շատ կարևոր դեր ունի նաև տեղեկությունն սպառողների մեդիագրագիտության աստիճանը՝տեղեկությունը վերլուծելու, զտելու, ստուգելու մեր հմտությունն  ու կարողությունից։ Այնպես որ, այս օրը ևս մեկ առիթ է մեդիագրագիտության մասին հիշելու։

Ցուցադրել ավելի
Back to top button