10 րոպե կինոյի մասին

«Լորաքս»․ 10 րոպե կինոյի մասին

Այսօր պատմելու եմ 2012 թվականին թողարկված, ամերիկյան մի լիամետրաժ անիմացիոն ֆիլմի մասին, որի վերնագիրն է՝ «Լորաքս» … գլխավոր հերոսի անունով: Մուլտֆիլմը ստեղծվել է գրող Դոկտոր Սյուզի համանուն գրքի հիման վրա և նախատեսված է 0-ից բարձր տարիքի հանդիսատեսի համար։ Ռեժիսորներն են՝ Քրիս Ռենոն ու Քայլ Բալդը։ Գլխավոր կերպարներին հնչյունավորել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Դենի դե Վիտոն, Զաք Էֆրոնն ու երգչուհի Թեյլոր Սվիֆթը։ Այնպես որ, եթե բավարար չափով տիրապետում եք անգլերենին՝ կարող եք դիտել «Լորաքսը» հենց բնօրինակով։ Անիմացիոն ֆիլմի տևողությունը 1 ժամ 26 րոպե է։

Գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում․ երկրագնդի վրա չի մնացել գեթ մեկ բնական ծառ․ բոլորը պլաստիկից են ու  օժտված են յուրօրինակ հատկություններով, օրինակ լույս են տալիս կամ միացնում են երաժշտություն։ Այ քեզ ծառեր ․․․ 12 ամյա Թեդն իր սիրելի ընկերուհու՝ Օդրիի խնդրանքով, փորձում է գոնե մեկ իրական ծառ գտնել ։ Տատիկի խորհրդով, նա գնում է քաղաքից դուրս, մի տնակում միայնակ փակված Նախոդկինսին գտնելու համար։ Նախոդկինսը խոստովանում է տղային, որ ինքն է մեղավոր ծառերի անհետացման մեջ։ Տարիներ առաջ, այժմ ամայի հարթավայրի վերածված այս տեղում հիանալի դաշտ է եղել, որտեղ աճում էին բազմաթիվ ծառեր ու ապրում   տարատեսակ կենդանիներ։ Նախոդկինսը երիտասարդ տարիքում եկել էր դաշտ ու զբաղվել ծառահատմամբ։ Նա ծառերի տերևներն օգտագործում էր ՝ «Բոլորինպետքիկ»  անունով զարդարանք ստեղծելու համար։

Երբ նա կտրեց առաջին ծառը, միանգամից հայտնվեց անտառի ոգին՝ մազոտ և մորուքավոր կենդանու տեսք ունեցող Լորաքսը կամ ինչպես Նախոդկինսն էր անվանում՝ «փրչոտ կոլոլակը»։ Վերջինս սկզբում փորձում էր ուժով կանգնեցնել Նախոդկինսին, թույլ չտար, որ նա կտրի ծառը։ Այնուհետև երդում է պահանջում Նախոդկինսից, որ նա այլևս չի կտրի ծառերը, այլ ուղղակի կպոկի դրանց տերևները։ Սակայն Նախոդկինսի բարեկամենրը, լսելով «Բոլորինպետքիկներ»-ի շահութաբերության մասին, գալիս են նրան օգնելու ու համոզում են կտրել ծառերը։ Նախոդկինսը հարստանում է, բայց ողջ հովտում մեկ ծառ անգամ չի մնում։ Լորաքսը կենդանիներին տանում է հարթավայրից, ինքն էլ հեռանում է ու գնալուց առաջ քարերի վրա փորագրում  հետևյալ խոսքը․ «Եթե միայն» ․․․

Մի քանի օր շարունակ Նախոդկինսը հատվածաբար Թեդին է ներկայացնում ողջ պատմությունը։ Նա նաև տղային է փոխանցում կենդանի ծառից մնացած վերջին սերմը։ Դա գետնասունկի ծառ էր։ Տեղացի բիզնեսմեն Օ՛Հարան, որը զբաղվում էր շշի մեջ «մաքուր օդ» վաճառելով ամեն կերպ փորձում է խանգարել Թեդին, որպեսզի նա ոչ մի դեպքում չտնկի այդ ծառը։ Դե հասկանալի է, նրան ձեռք չի տալիս դաշտում ծառերի հայտնվելը, քանի որ մարդիկ  անվճար, մաքուր օդ կունենան, ու  իր գործը կտապալվի։ Պատկերացնո՞ւմ եք, նա նույնիսկ համոզում է մարդկանց, որ ծառերն ու բույսերը վտանգավոր են։

Հուրախություն մեզ և ձեզ, Թեդին հաջողվում է բնակիչներին հակառակն ապացուցել ու հենց քաղաքի կենտրոնում նա ցանում է պահպանված վերջին  սերմը։ Շուտով՝ ամբողջ հովիտը նորից ծաղկում է, և Նախոդկինսը ,որ տարիներ շարունակ փակված էր իր տանը, նորից դուրս է գալիս։ Հետ է վերադառնում նաև Լորաքսն ու շնորհակալություն  հայտնում Նախոդկինսին՝ բնության հանդեպ գործած իր մեղքն ընդունելու համար։

Անիմացիոն ֆիլմի հեղինակները նշում են, որ եթե մուլտֆիլմն ամբողջությամբ ստեղծեին գրքի պատմության հիման վրա, ապա այն հազիվ թե 20 րոպեից ավել տևեր։ Հետաքրքիր, լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ ստանալու համար, նրանք սկսել են հորինել ու գրել, թե ինչ կլիներ գրքի այս կամ այն էջից առաջ ու հետո։ Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է պահպանել գրքի հիմնական ասելիքը․ ի՞նչ աստիճանի կարող է հասնել մարդու ագահությունը, որ նա կտրի բնության հետ կապն ու դառնա ավերող։ Կարևոր է նաև, որ Նախոդկինսը զղջում է իր արարքի համար։

Եթե ազատ ժամանակ գտնեք, հանգստյան օրերին անպայման  դիտեք երգերով ուղեկցվող   «Լորաքս» հակաուտոպիական կատակագերությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button