Վիլհելմ Գրիմ. հեքիաթների պահապանը. Զարթուցիչ
Օրացույցն ասում է, որ այս օրը՝ փետրվարի 24–ը, հայտնի հեքիաթագիր եղբայրներից մեկի՝ Վիլհելմ Գրիմի ծննդյան օրն է։
Վիլհելմ Կարլ Գրիմը ծնվել է 1786 թվականի փետրվարի 24–ին գերմանիայի Հանաու քաղաքում, իրավաբանի ընտանիքում։ Ավարտել է Մարբուրգի համալսարանի բանասիրության բաժինը։ Շատ հետաքրքրված է եղել բանահավաքությամբ։
1812 թվականին եղբոր՝ Յակոբի հետ լույս է ընծայել «Մանկական և ընտանեկան հեքիաթներ» ժողովածուի առաջին հատորը, 1815 թվականին՝ երկրորդը։ Երկու հատորում ներկայացված են 200 ժողովրդական հեքիաթ և 10 մանկական լեգենդ։
Վիլհելմ Գրիմը գիտական ուշագրավ աշխատությունների, լեզվաբանական հետազոտությունների հայտնի հեղինակ է, և չնայած դրան, թե՛ Վիլհելմ և թե՛ Յակոբ Գրիմներին աշխարհն առավել հիշում է որպես հայտնի հեքիաթագիրների, ժողովրդական հեքիաթների պահապանի և փոխանցողի։
Գրիմ եղբայրների հեքիաթների հայերեն լավագույն թարգմանիչներից մեկը Հովհաննես Թումանյանն է։ Հենց նրա շնորհիվ հայ մանուկները ծանոթացան Լուսերեսի ու Վարդերեսի հետ, իմացան սագարած աղջկա պատմությունը, զարմանալի աշուղի ճըզըվըզըն լսեցին, անտառի տնակի հերոսուհուց սովորեցին բարի ու հոգատար լինել, տխրեցին Հենզելի ու Գրետելի համար․․․Գրիմ եղբայրների հեքիաթներից 9–ի հայերեն հրաշալի թարգմանությունը հենց Թումանյանն է արել։