Լուրեր

Ամփոփվել են Գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված մրցույթի «օրվա հաղթողներին» (10 աշակերտ) և նրանց հանձնել շնորհակալագրեր ու խրախուսական նվերներ: 

Մրցույթը փետրվարի 10-19-ը կազմակերպվել էր 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Նախարարության ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ, և աշակերտների խնդիրն էր որոշել՝ «Ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը, և ո՞վ է հեղինակը» (օրական 1 հրապարակում): Մրցույթի նպատակն էր բարձր դասարանների աշակերտների շրջանում խրախուսել ընթերցանությունը, հանրահռչակել հայ և համաշխարհային գրողներին, նրանց ստեղծագործությունները, հետաքրքրություն սերմանել գրքի ու գրականության նկատմամբ:

Մրցույթում աշակերտներն ապահովել են բարձր մասնակցայնություն. բոլոր 10 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է ավելի քան 5450 պատասխան: Նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում ևս նախատեսում են կազմակերպել թեմատիկ մրցույթներ դպրոցական տարբեր տարիքային խմբերի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button