‹‹9-1-1›› -ում այս անգամ խոսել ենք ստորին վերջույթների վնասվածքների ու կոտրվածքների մասին։ Հատկապես ձմռան ամիսներին, մանավանդ երբ փողոցներում ու բակերում մերկասառույց է լինում, մարդիկ ստորին վերջույթների մասնակի հոդախախտումներ և կոտրվածքներ հաճախ են ստանում: Հոդախախտը վնասվածք է, որի ժամանակ ոսկրերի հոդային ծայրերը տեղաշարժվում են իրենց նորմալ դիրքերից` բերելով հոդի ներսում դրանց շփման և հոդի շարժունակության սահմանափակման: Վնասվածքը կարող է ժամանակավորապես ձևափոխել և անշարժացնել ձեր հոդը՝ առաջացնելով նաև վնասված շրջանում հանկարծակի սուր ցավեր և այտուց:
Խորհուրդ չի տրվում որևէ միջամտություն իրականացնել հոդի շրջանում` լրացուցիչ վնասումներից խուսափելու համար: Եթե առկա է հոդախախտ, ապա ոչ մասնագետի կողմից այն ուղղելու փորձը կարող է բերել ավելի լուրջ բարդության՝ հոդախախտով կոտրվածքի: Իսկ կոտրվածքը ոսկրի անատոմիական ամբողջականության խախտումն է, որը տարբերում են բաց և փակ: Կոտրվածքի հատվածում առաջանում է ուժեղ ցավ, վերջույթի ձևափոխություն և գործունեության խանգարում։ Կոտրվածքը հոդախախտից լիարժեք տարբերակելու համար անհրաժեշտ է իրականացնել ռենտգեն հետազոտություն:
‹‹9-1-1›› -ում զրուցում ենք Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կարեն Զիրաքյանի հետ: