Գրելու, լսելու ու բնության օրը․ Զարթուցիչ
Մարտի 3-ին աշխարհում նշվում է Գրողների միջազգային օրը։ Այն նշվում է 1986 թվականից սկսած Միջազգային PEN ակումբի 48-րդ կոնգրեսի որոշմամբ։ PEN-ակումբի մասին լսե՞լ եք։ Ակումբի անվանումը հապավում է՝ կազմված անգլերեն Poets — բանաստեղծներ, Essayists — ակնարկ գրողներ, Novelists – վիպասաններ բառերից, բայց իրականում PEN-ակումբն ընդգրկում է ընդհանրապես գրչի մարդկանց՝ բոլոր ժանրերով ստեղծագործողներին, նաև՝ լրագրողներին ու պատմաբաններին։ Ակումբը հիմնադրվել է 1921 թվականին, Լոնդոնում։
Ակումբի առաջին նախագահը հայտնի անգլիացի վիպագիր Ջոն Գոլսուորսին է եղել, որի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարը համաշխարհային վիպագրության գանձերից է։ Սա՝ ի միջի այլոց, որպես լավ գրքի մասին հուշում և տեղեկություն։ Ակումբի նպատակն է բարեկամություն հաստատել աշխարհի բոլոր մասերում գտնվող գրողների միջև, ընդգծել գրականության կարևոր դերը համաշխարհային մշակույթի մեջ, պաշտպանել գրականությունը ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներից և պայքարել ազատ խոսքի համար: Մեզնից շատերն էլ գրելու փորձեր են անում, երազում հայտնի գրող կամ լրագրող դառնալու մասին։ Երբ ու ինչ տարիքում էլ փորձենք գրել, հիշենք՝ ազատ խոսքը ազատ մտքի արդյունք է։
Այսօր նաև լսողության համաշխարհային օրն է։ Ավելորդ է երևի ասել, թե մեզ շրջապատող աշխարհն ընկալելու, զգալու, գնահատելու համար որքան կարևոր է լսողության դերը։ Իհարկե, կան լսողության խանգարումների մի շարք օբյեկտիվ պատճառներ՝ բնածին խնդիրներ, հիվանդություններ, վնասվածքներ, բայց բժիշկներն այսօր ահազանգում են ևս մեկի մասին, որի վերահսկողությունը մեր ձեռքում է։ Խոսքը աղմուկի և բարձր ձայների մասին է։ Չգիտեմ՝ արժե ասել, որ ականջակալներով ժամերով բարձր երաժշտություն լսելու մեր սովորությունը վտանգավոր կարող է լինել մեր լսողության համար։ Դե, արդեն ասացի․․․
Այսօր աշխարհում նշվում է ևս մեկ օր՝ վայրի բնության համաշխարհային օրը։ 2013 թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովը որոշեց հռչակել մարտի 3-ը որպես Վայրի բնության համաշխարհային օր․․․Միջազգային օրացույցում այսպիսի օր ունենալու անհրաժեշտությունն իհարկե պայմանավորված է այն մեծ խնդրով, որի առջև կանգնած է մեր մոլորակի բնությունը հենց մարդու գործունեության պատճառով, բայց այսպիսի օրերը նաև խորհելու առիթ են տալիս հենց մեր անելիքի, բնության հետ մեր շփման մասին։
Այսօր մեր հյուրն է բնախույզ–լրագրող, «Ռադիո Արևիկ»-ի լավ բարեկամ Սուրեն Հայրապետյանը, որի համար բնությունը մեծ ու բաց գիրք է՝ մանկությունից սկսած։