Լուրեր
«Կհառնե մշուշից – նաիրյան ոգին»․ մրցույթ Չարենցի 125-ամյակի առթիվ

Տարին չարենցյան է. լրանում է հայ մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար:
Մրցույթի նպատակն է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի գրական ժառանգության հանրահռչակումը, դպրոցահասակների շրջանում չարենցյան ոգին ճանաչելի դարձնելն ու նրանց՝ գրողի հայրենասիրությամբ տոգորելը:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
- մարտի 9-ից 13-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում կհրապարակվի Եղիշե Չարենցի չափածո որևէ ստեղծագործությունից քառատող հատված՝ բառերի խառը դասավորությամբ,
- այն աշակերտը, ով առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի չափածո քառատողի ճիշտ տարբերակը, կհամարվի հաղթող,
- պատասխանը պետք է գրել հայատառ,
- պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
- արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
- հրապարակված տարբերակից հետո պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, դպրոց, դասարան:
- նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:
Հաղթած աշակերտները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ-ի ու Ե. Չարենցի տուն-թանգարանի խրախուսական նվերներով: