Շատ սիրուն է գարնան զարթոնքը, և ամենևին էլ զարմանալի չէ, որ հենց գարնանն ենք սկսում ավելի շատ խոսել ու խորհել գեղեցկության մասին․․․Հիշում ենք, որ աշխարհում ամենասիրուն էակները մեր մայրիկներն ու տատիկներն են, մեր քույրերն ու ընկերուհիները և․․․հանկարծ հայտնագործություններ ենք անում․․․
«Գեղեցկությունը հզոր ուժ է» — այս հայտնի արտահայտությունը լսած կլինեք։ Ֆիզիկայից էլ գիտեք, որ բնության մեջ գոյություն ունեցող տարբեր ուժերի չափման միավորներ կան։ Իսկ հնարավո՞ր է չափել գեղեցկությունը, եթե այն նույնպես ուժ է։ Պարզվում է՝ այո, և պարզվում է, որ այն ևս չափման միավոր ունի․․․
Այն անգլիացի մաթեմատիկոսներն են սահմանել, բայց իրականում գեղեցկության չափը որոշելը, ըստ անգլիացի մաթեմատիկոսների սահմանման, դժվար, եթե ոչ՝ անհնար գործ է։
Հոմերոսի «Իլիական» պոեմում կա մի կերպար՝ Չքնաղ Հեղինեն, որը կանացի գեղեցկության խորհրդանիշն է համարվում։ Հեղինեի գեղեցկությունը, ըստ Հոմերոսի, դարձավ տրոյական պատերազմի պատճառը։ Բնութագրելու համար այդ գեղեցկությունը Հոմերոսն ասում է, որ դա այնպիսի ուժ էր, որ կարողանում էր հազար նավ տեղաշարժել տեղից։
Դե, եթե նավեր է տեղաշարժում, ուրեմն՝ ուժ է, մտածեցին հետագայում մաթեմատիկոսները, որոնք սիրում են ամեն ինչ չափ ու քանակի վերածել։ Եթե Հեղինեի գեղեցկությունը կարողանում է հազար նավ տեղաշարժել, ուրեմն կանացի այն գեղեցկությունը, որը կկարողանա մեկ նավ տեղաշարժել տեղից, կլինի ՄԻԼԻՀԵԼԵՆը։ Այստեղ պարզապես ձեզ հիշեցնեմ, որ Հեղինեն–Հելենը–Ելենան նույն անվան տարբերակներն են։
Եվ այսպես՝ միլիհելենը գեղեցկության չափման միավորն է, որոշեցին մաթեմատիկոսները հումորով։ Չնայած, եթե որևէ մեկիդ, սիրելի աղջիկներ, հաջողվի ձեր գեղեցկությամբ մեկ նավ տեղաշարժել, հանգիստ կարող եք հայտ ներկայացնել ձեր ձեռքբերումը գրանցելու համար։
Ավելացնենք, որ Չքնաղ Հեղինեն ինքը 1186 միլիհելեն գեղեցկության տեր էր, որովհետև Տրոյայի ափերին մոտեցած հենց այսքան նավի մասին է հիշատակում Հոմերոսը։ Այո, մաթեմատիկոսներն էլ են սիրում կատակել։
Ի դեպ, միլիհելեն միավորը հանդիպում է 20–րդ դարի տարբեր գրողների գործերում, այնպես որ՝ չափման այս միավորն իր կիրառությունը գտավ։