Ռադիոլաբ

Անձնական տվյալների պաշտպանությունը համացանցում․ Ռադիոլաբ

Երևանում գտնվող «Լոֆթ» կենտրոնում #իգործ բարեգործական արշավի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում «Անձնական տվյալների պաշտպանությունը համացանցում» թեմայով։ Նշեմ, որ մուտքավճարից ստացված եկամուտը փոխանցվել է  Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին:

Բանախոսներն էին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն ու տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ներկա էի նաև ես ու առանց առիթը բաց թողնելու ձայնագրեցի միջոցառման ընթացքում հնչած կարևոր մտքերը:

  • Նախ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց, թե ի՞նչը առհասարակ կարող է համարվել անձնական տվյալ: Որևէ կազմակերպության հեռախոսահամարը անձնական տվյալ չէ: Անձնական տվյալ չէ նաև բջջային օպերատորի մոտ գտնվող ազատ հեռախոսահամարը, բայց երբ այն արդեն ձեռք է բերել որևէ անհատ, ապա միանշանակ նրա համարը համարվում է անձնական տվյալ: Ըստ Գևորգ Հայրապետյանի չափանիշը հետևյալն է. տվյալը պարունակու՞մ է ինֆորմացիա մարդու մասին, թե՞ ոչ, դրանով կարե՞լի է նույնականացնել մարդուն, թե՞ ոչ: Եթե այո, ապա միանշանակ դա անձնական տվյալ է:
  • Պետք է լավ մտածենք թե ինչ տվյալ  ենք հրապարակում սոցիալական ցանցի մեր էջերում: Դրանք այս կամ այն չափով հանրայացնելու որոշումը մերն է, դրանից բխող հետևանքները նույնպես ինքներս ենք կրելու:
  • Իսկ ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում համացանցում անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի դեպք հիշեց 2020 թվականից, երբ նոր էր ի հայտ եկել ՔՈՎԻԴը ու մարդիկ, եթե վարակվում էին հիվանդությամբ, խուսափում էին այդ մասին բարձրաձայնելուց և միայն պետությունն ու համապատասխան բուժ.հաստատությունը գիտեին դրա մասին: Կորոնավիրուսով հիվանդ անձնանց տվյալները պահպանվում էին համակարգիչների մեջ՝ հատուկ ֆայլերում: Մի օր տեղի ունեցավ ինֆորմացիայի արտահոսք:

Որոշ բանկեր կամ վարկային կազմակերպություններ ապառիկներ են ձևակերպում առանց հաճախորդի ֆիզիկական ներկայության՝ օնլայն տարբերակով: Որքան էլ ժամանակի խնայողության տեսանկյունից օգտակար թվա այս հնարավորությունը, այն պարունակում է նաև մեծ ռիսկեր: Ժամանակակից տեխնոլոգիական կարգավորումները նույնականացման լուրջ գործիքներ են նախատեսում:

Մենք մի դեպքում կարող ենք տվյալների սուբյեկտ լինել, մեկ այլ դեպքում տվյալ մշակող: Բոլորիս հեռախոսներում էլ այլ անձնանց համարներ կան: Այս պարագայում մենք համարվում ենք տվյալ մշակող: Ի դեպ, եթե քաշել եք GetContact բջջային հավելվածը, Գևորգ Հայրապետյանի խոսքով 99%-ով անձնական տվյալների պաշտպանության խախտում եք թույլ տվել: Առանց ուշադիր կարդալու դուք հաստատել եք հավելվածի  օգտագործման կանոններն ու գաղտնիության քաղաքականությունը, իսկ համաձայն դրանց, հավելվածը առանց ձեզնից հարցնելու կարող է ձեր գրանցամատյանում առկա կոնտակտները տրամադրել ցանկացած 3-րդ կողմի: Հիշենք նաև, որ թշնամին ցանկացած ինֆորմացիա ուրախությամբ է վերցնում ու ծառայեցնում իր նպատակին, որը մեզ համար ամենևին էլ բարի չէ:

Այնպես որ, ջնջեք GetContact-ը ձեր սմարթֆոններից. մասնագետների հորդորն է:

Հաղորդման վերջում էլ կփորձենք պատասխանել հետևյալ հարցին. ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները համացանցում: Ամեն ինչ ավելի քան պարզ է: Եթե դուք տան դուռը բաց չեք թողնում, ուրեմն բացված մի թողեք նաև ձեր ֆեյսբուքյան էջը: Դա էլ ձեր վիրտուալ տունն է:Եթե փողոցում պատահական անցորդ մոտենա ու ձեզանից խնդրի ձեր երեխայի անձնագրի տվյալների, վստահաբար կարող եմ ասել որ չեք տա, ճի՞շտ է: Ուրեմն նույն կերպ էլ վարվենք համացանցում:

Ցուցադրել ավելի
Back to top button