![](https://arevik.armradio.am/wp-content/uploads/2022/03/95263659c0f9b2175a193ab7ab348d0c-780x470.jpg)
Մաթեմատիկայի միջազգային օրվա կապակցությամբ ‹‹Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում›› տեղի է ունեցել «ՄԱԹԵՄարդ» արշավի ամփոփիչ միջոցառումը: «ՄԱԹԵՄարդ» արշավի նպատակն է խրախուսել պատանիների ու երիտասարդների, հատկապես աղջիկների մուտքը կրթության և կարիերայի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն, մաթեմատիկա) ոլորտ՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022թ․ խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»:
«ՄԱԹԵՄարդ» արշավի շրջանակում Երևանում և Սիսիանում կազմակերպվել են հնգօրյա աշխատարաններ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել է 10-14 տարեկան 40 աղջիկ։ Աշխատարանների մասնակիցները նկարիչ Տիգրան Մանգասարյանի ուղղորդմամբ և մենթորների՝ երիտասարդ կին գիտնականների օգնությամբ սովորել են կոմիքս ստեղծել, որի գլխավոր հերոսուհին՝ ՄԱԹԵՄարդը, մաթեմատիկական տարբեր կարողությունների շնորհիվ հաղթահարում է մարտահրավերները։
«ՄԱԹԵՄարդ» արշավի շրջանակում ՄԱԶԾ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև «Մաթեմը՝ ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթ են կազմակերպել, որին ավելի քան 300 պատանի է մասնակցել։ Միջոցառման ընթացքում լավագույն լուսանկարների հեղինակները ստացել են հատուկ մրցանակներ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակելու են աշխատել ՄԱԹԵՄարդ կոմիքսների գրքի էսքիզների վրա, որոնց վերջնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը: