10 րոպե կինոյի մասին

«Ռիչարդ արքան»․ 10 րոպե կինոյի մասին

Այսօր պատմելու եմ ռեժիսոր Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքան» սպորտային դրամայի մասին։ Սցենարը հայտնի թենիսիստուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերի մասին է, ներառված են կենսագրական տվյալներ ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին, զուգահեռ այն թողարկվել է նաև HBO MAX հարթակում։ Գլխավոր դերում, այսինքն թենիսի չեմպիոնների հորը՝ Ռիչարդ Ուիլյամսին մարմնավորել է դերասան Ուիլ Սմիթը։ Այս դերի  համար նա արդեն իսկ արժանացել է «Ոսկե Գլոբուս»-ի։

«Լավագույն դերասան» անվանակարգում նա նոմիացված է նաև այս տարվա Օսկարին ու գուցե այստեղ էլ հաղթանակ տանի, չեմ կարող ասել, ամեն ինչ պարզ կդառնա մարտի 27-ի լույս 28-ի գիշերը։ Ի դեպ, Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը ֆիլմը նոմինացված է միանգամից 6 անվանակարգում։ Բացի «Լավագույն դերասան»-ից, ֆիլմը հավակնում է ստանալ նաև արձանիկներ «Լավագույն ֆիլմի», «Լավագույն սցենարի», «Լավագույն երգի», «Լավագույն մոնտաժի» ու «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու» համար։ Պետք է նշեմ, որ ֆիլմը վերջերս եմ դիտել ու իսկապես հավանել եմ,  և ձեզ էլ խորհուրդ եմ տալիս դիտել այն։

«Ռիչարդ արքան» ոգեշնչող կինոպատում է։ Ռիչարդը՝ թենիսիստուհիների հայրը, աֆրոամերիկացի է։ Նա՝ կնոջ հետ, մեծացնում է 5 դուստրերին։ Դժվար է պատկերացնելը, բայց ամուսինները մինչ կրտսեր դուստրերի լույս աշխարհ գալն արդեն իսկ պլանավորել էին նրանց դաստիարակության ու զարգացման, մեծ թենիսի ճանապարհով գնալու ու համաշխարհային չեմպիոններ դառնալու ընթացքը։ Ռիչարդն ամենևին էլ  պրոֆեսիոնալ մարզիկ չէր, բայց պարապմունքներ էր անցկացնում աղջիկների հետ՝ դեռ վաղ տարիքից։ Նրան կարելի է խստապահանջ համարել, քանի որ ուշադրությամբ հետևում է աղջիկների կրթությանը, ստիպում, որ ապրեն հստակ ռեժիմով ու մշտապես մարզական վիճակում լինեն։ Սերենան ու Վինուսը մարզվում էին անդադար, նույնիսկ երեկոյան՝ անձրևի տակ։

Բանը հասավ նրան, որ մի անգամ, Ուիլյամսների  հարևանը ոստիկանություն կանչեց, որ պարզաբաներ ծնողների, իր կարծիքով, «դաժան ու չափից դուրս խիստ» վարքը։ Մի բան կարող եմ հաստատ ասել․ այս ընտանիքում սեր ու ջերմություն էր տիրում, իրար օգնելու մեծ ցանկություն, անսահման հավատ դիմացինի ուժերի նկատմամբ։ 5 աղջիկները տեսնում էին ծնողների փոխադարձ սերը, և նույն կերպ իրենք էին վերաբերվում ծնողներին։ Ռիչարդը մեծ դեր էր հատկացնում նաև աղջիկների կրթությանը։ Բացի դպրոցական թեմաներից՝ նա շատ էր կարևորում երեխաների մեջ բարոյական արժեքների սերմանումը։ Նա կարող էր, օրինակ, ընտանեկան կինոդիտում կազմակերպել, միացնել «Մոխրոտը» մուլտֆիլմն ու ստիպել այն դիտել մի քանի անգամ, մինչև որ քննարկման ժամանակ աղջիկները կթվարկեին կյանքի այն բոլոր դասերը, որ ստացել էին ֆիլմը դիտելուց հետո։

Ապագա չեմպիոններ մեծացնելու գործն ամենևին էլ հեշտ չէր։ Ընտանիքը ՝Ռիչարդի ծրագրով շարժվելու համար, տարբեր դժվարություններ էր հաղթահարում։ Սկսած սոցիալական խնդիրներից, թաղամասում հանցագործ խմբավորումների կողմից եկող վտանգից մինչև պրոֆեսիոնալ մարզչի ու թենիսի ակումբի որոնումները։Նրանք օր ու գիշեր աշխատում էին ապրուստ վաստակելու համար, չդադարեցնելով Սերենայի ու Վինուսի մարզումները։ Բայց, բավարար գումար չունենալու պատճառով, քույրերին չէին կարողանում ընդունել պրոֆեսիոնալ ակումբներ, իսկ թենիսի հայտնի մարզիչների մոտ անվճար պարապմունքներ անցկացնելու առաջարկները մերժվում էին։

Ռիչարդը, սակայն,անուղղելի լավատես էր և  վստահ էր, որ իր աղջիկները մեծ թենիսի ապագա աստղերն են լինելու։ Նա իր տեսախցիկով վավերագրում էր աղջիկների չեմպիոն դառնալու ճանապարհը, իսկ պատահական անցորդներին առաջարկում ինքնագիր վերցնել, որի համար տարիներ հետո հպարտ են լինելու։ Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, համառությունն ու աշխատասիրությունը վարակիչ էին նաև Սերենայի ուՎինուսի համար։ Ի վերջո, ցուցադրելով իրենց անթերի խաղը, նրանք անվճար մարզվելու հնարավորություն են ստանում հայտնի մարզիչի մոտ ։ Սկզբում իհարկե, միայն Վինուսին են ընտրում, իսկ Սերենան ոչ միայն չի խանդում քրոջը, այլև նոր թափով է շարունակում մարզումները։

Դեեե ․․․ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ աղջիկներին ամեն բան հաջողվում է, նրանց անունները տարածվում են ամբողջ աշխարհում։ Սերենայով ու Վինուսով հպարտանում էր նաև աֆրոամերիկացի պատանիների մի ամբողջ սերունդ․ չէ՞ որ նախկինում սևամորթ աղջիկները նման հաղթանակների չէին հասել մեծ թենիսում։

Բայց աղջիկները  հրաշալի գիտեն, որ իրենց հաղթանակների համար պարտական են հորը՝ Ռիչարդ Ուիլյամսին։ Փաստացի՝ ամեն բան եղավ նրա կազմած ծրագրի համաձայն։ Հոր հասցեին հնարավոր է նաև մեղադրանքներ ու քննադատություններ հնչեն, որ նա եսասեր էր ու աղջիկների փոխարեն ինքն էր որոշումներ կայացնում, որ երեխաներն իր համար «բիզնես պրոեկտ» էին, այլ ոչ անհատներ ․․․ չգիտեմ, անձամբ իմ կարծիքով, թենիսի բազմակի չեմպիոն ու աշխարհի առաջին ռակետ դառնալու երազանքը հավասարապես և աղջիկներինն էր, և հորը։ Քույրերը փոքրուց սեր ունեին թենիսի նկատմամբ և այնպես չէ, որ ստիպողաբար էին մարզվում։ Անձնական ու պրոֆեսիոնալ որակների մեջ էլ իրենց հոր ավանդի մասին արդեն քանիցս նշեցի։ Անվիճելի է, որ ծանր մանկություն ունեցած Ռիչարդը՝ իր աղջիկների ու ողջ ընտանիքի համար բարեկեցիկ կյանք էր ուզում, ինչին էլ հասավ։

Խորհուրդ եմ տալիս, որ ծնողներն ու երեխաները միասին դիտեն այս շատ հետաքրքիր ֆիլմը։ Երազանքներին հավատալու, չհանձնվելու, ծնողական սիրո, ճիշտ դաստիարակության, քույրերի մաքուր հարաբերությունների մասին է 2 ժամ 25 րոպե տևողությամբ «Ռիչարդ արքան» կինոնկարը։ Առանձին հետաքրքրությամբ են դիտվում թենիսի մրցաշարի լարված տեսարանները, իսկ Ուիլ Սմիթի փայլուն խաղն ու Բիյոնսեի երգը՝ «Be alive»-ը էլ ավելի են ամբողջացնում կենսագրական ֆիլմի գեղեցիկ պատկերները։

Ֆիլմի վերջում օգտագործված են նաև իրական փաստագրական կադրեր՝ քույրերի մանկությունից։ Ի դեպ, Սերենա և Վինուս Ուիլյամսները ֆիլմում հանդես են եկել որպես պրոդյուսերներ։ Եվս մեկ հետաքրքիր փաստ․աղջիկներին մարմնավորած երիտասարդ դերասանուհիներ Սանիա Սիդնին ու Դեմի Սինգլթոնը մինչ ֆիլմի նկարահանումները թենիս խաղալ չգիտեին ու հատուկ այդ նպատակով երկար ժամանակ մարզվել են։

Ցուցադրել ավելի
Back to top button