Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի մասշտաբային միջոցառմամբ։ Մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատշգամբներից հայ ժամանակակից պոետները կընթերցեն իրենց իսկ ստեղծագործությունները։
Միջոցառմանը ժամանակակից պոետներ Հուսիկ Արան, Մհեր Արշակյանը, Արմեն Սարգսյանը, Թոնդրակը, Գևորգ Գիլանցը, Լուսինե Եղյանը և այլք հանրության համար կընթերցեն իրենց գործերը։ Այն բաց է հանրության համար, հնարավոր կլինի դիտել Ազատության հրապարակից։
Միջոցառման նպատակն է էլ ավելի նպաստել պոեզիայի հանրահռչակմանն ու պոեզիայի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրության առաջացմանը։ Նախաձեռնողները «Անտարես» հրատարակչությունն ու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն են։