Ալաբայը սելեկցիաներ չի անցել, շնաբույծները չեն խաչասերել նրան, նա աբորիգեն է, էնպիսին՝ ինչպիսին եղել է հազարամյակներ առաջ։
Իրականում, մաքուր ցեղատեսակի շներ հիմա քիչ են մնացել ու նրանցով, նվիրյալ մարդիկ, շատ լրջորեն են զբաղվում՝ տեսակը պահպանելու և սերունդներին փոխանցելու համար։
Խորհրդային միությունում, անցյալ դարի 30-ականներին, փորձ եղավ պետական մակարդակով զբաղվել Ալաբայով, որպեսզի նրանք հսկեն պետական ամեն կարգի կարևոր օբյեկտներ։ Սակայն, ստիպված եղան գործընթացը դադարեցնել, քանի որ բնության զավակ, ազատամիտ Ալաբայը չցանկացավ դառնալ մարդու հրամաններն աներկբայորեն կատարող ծառա։ Դա նրան միայն պատիվ է բերում։
Նման շները, մի անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, ապրում են իրենց սեփական տրամաբանությամբ, րոպեական որոշումներ կայացնելով, վերցնելով իրենց վրա դրանց կայացման ու իրագործման ողջ պատասխանատվությունը․ գայլի վրա հարձակվող շունը չպետք է սպասի տիրոջ հրամանին, նա գործում է ինքնուրույն։ Եթե այդպես չանի ու սպասի մարդու կողմից հրամանի, որը կարող է ուշանալ` կտապալի իրեն վստահված հոտը հսկելու պատասխանատու գործը։
Ալաբայները դանդաղ են մեծանում։ Միայն 3 տարեկանում Ալաբային կարելի է համարել չափահաս, հասուն, բոլոր ստանդարտներին համապատասխանող կենդանի։