«Կոշկավոր կատուն». նոր մյուզիքլ՝ Պարոնյանի անվան թատրոնի բեմում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ կբարձրանա «Կոշկավոր կատուն» ներկայացումը (մյուզիքլ մեկ գործողությամբ):
Ներկայացման առաջնախաղերը կկայանան մարտի 24-ին և 25-ին` ժամը 19:00-ին:
Բեմադրիչ` Սամսոն Մովսեսյան: Լիբրետոյի և երաժշտության հեղինակ՝ կոմպոզիտոր Վահե Հայրապետյան:
Ներկայացմանը մասնակցում են թատրոնի երգչախումբը (ղեկավար՝ Շուշան Հովհաննիսյան) և բալետային խումբը․ ներգրավված են ավելի քան հիսուն մասնակիցներ: Ներկայացման բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մարինա Թադևոսյանը, պարերը՝ Արտյոմ Գևորգյանի:
Մյուզիքլը հանդիսատեսին կներկայացվի բացառապես կենդանի կատարմամբ:
Ներկայացման հիմքում ֆրանսիացի գրող, բազմաթիվ հեքիաթների հեղինակ Շառլ Պեռոյի համանուն հեքիաթն է՝ լի զվարճալի արկածներով և անսպասելի շրջադարձերով: Այս հեքիաթի հիմքում ընկած է այն միտքը, որ պետք է ունենալ ամուր կամք և երբեք չհուսահատվել: