«Մուլան»․ 10 րոպե կինոյի մասին
Այսօր միասին տեղափոխվելու ենք Չինաստան։ «Ա՜յ քեզ բան» մտածեցիք դուք ․․․ «Մուլան»՝ պատասխանեցի ես։ Կարծում եմ, շատերդ արդեն գլխի ընկաք, թե ինչն ինչոց է, իսկ ովքեր չհասկացան, ասեմ, որ այսօր պատմելու եմ «Մուլան» վերնագրով արկածային դրամայի մասին։ Պրեմիերան կայացել է 2020 թվականին։ Եթե հիշում եք, հենց այդ ժամանակ կորոանվիրուսի ալիքը նոր էր բարձրանում և ամենուրեք սահմանափակումներ էին, ուստի ֆիլմի ցուցադրությունը մի քանի անգամ հետաձգվեց ։ Ի վերջո, սեպտեմբերի 4-ին այն թողարկվեց Disney+ օնլայն կինոթատրոնում։ Գործողությունները տեղի են ունենում Չինաստանում, բայց ֆիլմարտադրող երկիրը ԱՄՆ-ն է, ռեժիսորը՝ նորզելանդացի Նիկի Կարոն։ Ֆիլմը համարվում է 1998 թվականին թողարկված համանուն մուլտֆիլմի կինոադապտացիան՝ հիմնված չինական հայտնի լեգենդի հերոսուհու՝ Հուա Մուլանի պատմության վրա։
Կայսերական Չինաստանի գյուղերից մեկում ապրում էր մի աղջիկ՝ Հուան Մուլանը։ Ապրում էր ամենասովորական կյանքով ․․․ ծնողներն էլ ցանկանում էին ամուսնացնել նրան։ Նույն ժամանակ, երկրի հյուսիսային հատվածում, Բորի Հանի գլխավորությամբ հարձակում է սկսվում։ Նրանց օգնում է վհուկ Սյանյանը, որն օգտագործելով իր կախարդական հմտությունները, փրկված զինվորի տեսք է ստանում ու հասնում Կայսեր մոտ, նրան հայտնելով հարձակման մասին։ Չինաստանի կայսեր կողմից անհապաղ հրամանագիր է հրապարակվում, որի համաձայն յուրաքանչյուր ընտանիքից մեկական անդամ պարտավոր էր զինվորագրվել՝ երկիրը Հյուսիսային զավթիչն երից պաշտպանելու համար: Կայսերական զինվորներները հասնում են Մուլանի գյուղ ու սկսում հաշվառել տան արական սեռի ներկայացուցիչներին։ Մեր գլխավոր հերուսուհու ընտանիքում տղաներ չկային․ ուստի նրա ծեր հայրը՝ Հուա Չժոն պետք է միանար բանակին։ Գիտակցելով, որ հայրը ողջ մնալու շանս չունի, Մուլանը սրով, զրահով ու ձիով փախչում է տանից ու միանում զորքին։ Տասնյակ անփորձ նորակոչիկների հետ, նա հայտնվում է ուսումնական ճամբարում, որտեղ էլ անցնում է զինվորական պատրաստություն։ Ճամբարը ղեկավարում է հրամանատար Թունգը՝ Մուլանի հոր վաղեմի ընկերներից մեկը։ Թաքցնելով իր ինքնությունը ու ողջ ընթացքում ներկայանալով որպես տղա, Մուլանը հաջողությամբ ավարտում է նախապատրաստական փուլն ու տեղափոխվում մարտի դաշտ։
Կռվի ընթացքում նա բախվում է Սյանյանի հետ, որը ձեռք է առնում աղջկան՝ տղամարդ ձևանալու համար ու փորձում սպանել Մուլանին։ Վերջինս կրծքավանդակի շրջանի արհեստական կաշվի շնորհիվ փրկվում է, ապա իր վրայից հանում է տղամարդու հանդերձանքն ու արդեն բացահայտ համառ կռիվ է տալիս։ Ռուրացիները հարձկավում են նրա ծառայակից ընկերների վրա ու Մուլանը՝ գործի դնելով իր հնարամտությունը փրկում է նրանց։ Նա հարվածներ է հասցնում ձնապատ լեռանը՝ առաջացնելով ձնահոսք, որն էլ ծածկում է հակառակորդի զորքին։
Թվում է, ամեն ինչ լավ է, սակայն աղջկա ինքնությունը բացահայտվում է։ Նա այլևս չէր կարող տղամարդու կերպարով հանդես գալ, և հեռացվում է բանակից։ Տան ճանապարհին՝ նա կրկին հանդիպում է կախարդ Սյանյանին, որը խոստովանում է, որ այս բոլոր հարձակումներն ընդամենը ուշադրությունը շեղելու նպատակ ունեն, մինչդեռ Հանն ուզում է սպանել Կայսրին՝ առնելով հոր վրեժը։
Մուլանն այս մասին անմիջապես հայտնում է հրամանատար Թունգին ու միասին՝ հատուկ զորքով ուղևորվում են Կայսեր ամրոց։ Համարձակ աղջիկը փրկում է Կայսեր կյանքը։ Թեպետ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։ Մուլանը բառացիորեն վտանգի տակ էր դրել իր կյանքը ․․․
Ֆիլմի վերջում, Կայսեր Էմիսարը, հրամանատար Թունգի ուղեկցությամբ այցելում է աղջկա տուն, նրան նվիրում նոր սուր ու փոխանցում կայսեր անձնական խնդրանքը․ միանալ իր զորախմբին։
Ֆիլմի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել կինոքննադատների շրջանում։ Հատկապես ընդգծվել են տպավորիչ դերասանական խաղը, վիզուալ էֆֆեկտներն ու էքշըն տեսարանները։ Այն «Հագուստի լավագույն դիզայն» ու «Լավագույն վիզուալ էֆֆեկտներ» անվանակարգերում նոմինացված է եղել 93-րդ Օսկարին։ Արդեն հայտարարվել է նաև կինոնկարի շարունակության մասին։ Դիսնեյ ընկերությունն այժմ զբաղվում է նախագծի մշակմամբ։
«Մուլանը» նախատեսված է 12 տարեկանից բարձր հանդիսատեսի համար, և ես խորհուրդ եմ տալիս դիտել այն այս հանգստյան օրերին։