Օրացույցը հիշեցնում է, որ այսօր գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրն է։
Երեք դար ու մոտ չորս տասնամյակ է անցել Բախի ծննդյան օրվանից սկսած, այդ ընթացքում բազմաթիվ նոր ու հանճարեղ այլ երաժիշտներ են ծնվել ու ստեղծագործել, երաժշտական նորանոր ուղղություններ ու ոճեր են հայտվել, բայց Յոհան Սեբաստիան Բախի անունը շարունակում է մնալ համաշխարհային դասական երաժշտության խորհրդանիշներից մեկը։
Յոհան Սեբաստիան Բախը ծնվել է հայտնի երաժշտական ընտանիքում, որտեղ համարյա բոլորը տաղանդավոր երաժիշտներ էին: Յոհանի ծնողները վաղ են մահացել, և տղան ապրել է ավագ եղբոր ընտանիքում: Հենց ավագ եղբայրն էլ սկսել է զբաղվել նրա երաժշտական կրթությամբ:
Մանուկ Յոհանը անսահման աշխատասեր և նպատակասլաց էր. ժամերով կարող էր նստել երգեհոնի և կլավիրի մոտ, նվագել այնքան, մինչև ստանար ցանկալի արդյունքը: Իսկ երբ հասնում էր դրան, չէր բավարարվում ձեռքբերումով ու նոր խնդիր էր դնում իր առաջ: Նա կարող էր ժամերով աշխատել երաժշտական ստեղծագործության մի դրվագի վրա, հղկել այնքան, մինչև ստանար գերճշգրիտ հնչողություն: Հենց այդ պատճառով ժամանակակիցները քննադատում էին նրան, իսկ սերունդները հիանում: «Աստվածային Բախ»…այսպես են հիշում նրան…