Լուրեր

«Կինոդպրոց՝ առանց սահմանների». նոր կրթական ծրագիր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» ընկերությունը  «ՀՀ ազգային  հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ-ի հետ 2022 թ. ապրիլի 15-ից իրականացնելու է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը կինոարտադրության ոլորտում: Ծրագրին մասնակցությունն անվճար է:

Դասընթացներին կարող են մասնակցել մարտական գործողություններին մասնակցած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներ՝ Երևանից և ՀՀ մարզերից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են

  • ուսուցում,
  • պրակտիկ դասընթացներ,
  • ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում,
  • հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ,
  • հանդիպում անվանի արվեստագետների հետ,
  • ավարտական համատեղ ֆիլմի նկարահանում,
  • մասնակցություն այլ ստեղծագործական նախագծերին:

Ուսուցման մասնագիտությունները

  • Սցենարիստ
  • Ռեժիսոր
  • Մոնտաժի ռեժիսոր

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝

  • ապրիլի 15 — մայիսի 30,
  • հունիսի 1 — հուլիսի 15:

Իրականացվող դասընթացի հիմնական բաղադրիչներն են՝ համառոտ ծանոթություն կինոյի պատմությանը, կինոլեզվի հիմունքները, ծանոթացում կինոարտադրության գործընթացին՝ սցենարի զարգացում, ֆիլմի նախապատրաստական փուլ, նկարահանման փուլ, հետարտադրական փուլ, դիստրիբուցիա:

Դասընթացներն անցկացնում են կինոարտադրության ոլորտում կայացած և փորձառու մասնագետները: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվում է հավաստագիր, և լավագույն արդյունք ցուցաբերած շրջանավարտներն ընդգրկվում են մասնագիտական նախագծերում՝ ապահովվելով աշխատանքով:

«Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ ապրիլի 10-ը ծրագրի ֆեյսբուքյան էջին ուղարկել մասնակցության նամակ՝ նշելով մասնակցի անուն-ազգանունը, հեռախոսահամարը:

Ցուցադրել ավելի
Back to top button