ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Չարենցյան աշխարհ տանող գրական-երաժշտական երեկոյի ընթացքում անվանի և սիրված դերասանների ընթերցմամբ կհնչեն Չարենցի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները: Դրանք կբացահայտեն Չարենցին իր բոլոր դրսևորումներով՝ Կարսի հանդեպ ունեցած նրա ցավը, Նաիրիի տառապանքն ու խոհերը, Չարենց-հեղափոխականին, սիրահարին, ընտանիքի հորն ու ամուսնուն, բանտարկված ու ողբերգական Չարենցին: Կցուցադրվի բանաստեղծին ու իր ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա:
Երեկոյին կմասնակցեն դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թոփալյանը, Սամսոն Ստեփանյանը և Մխիթար Ավետիսյանը, ինչպես նաև տենոր Տիգրան Մելքոնյանը, Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան): Նախագծի ռեժիսորը և կոմպոզիցիայի հեղինակը Արամ Սուքիասյանն է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից հատվածներ: Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
Միջոցառման սկիզբը՝ ժամը 19:00-ին: