10 րոպե կինոյի մասին

«Էնկանտո»․ 10 րոպե կինոյի մասին

Օսկար 2022-ին լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում, ինչպես և սպասվում էր, հաղթող դարձավ «Դիսնեյ» ընկերության «Էնկանտո»-ն: Այն ընտանեկան դիտման համար նախատեսված վառ, գեղեցիկ ու երաժշտական պատմություն է, որն էլ առաջարկում եմ դիտել հենց այս հանգստյան օրերին։  

«Էնկանտո» ․․․ 1 ժամ 42 րոպե տևողությամբ ֆենթըզի ժանրի անիմացիոն ֆիլմի պրեմիերան կայացել է անցյալ նոյեմբերին։ Ռեժիսորները Բայրոն Հովարդն ու Ջարեդ Բուշն են։

Գործողությունները տեղի են ունենում Կոլումբիայի ֆանտաստիկ-երևակայան տարբերակում։ Պատմությունը կոլումբացի մի աղջկա՝ Միրաբել Մադրիգալի մասին է, որը հիասթափված է, որ չունի այն գերբնական հատկությունները, որով օժտված են իր ընտանիքի բոլոր անդամները։ Նա պետք է արկածների միջով անցնի, որպեսզի փրկի իր ընտանիքն ու տունը, երբ կախարդանքը վտանգի տակ է։

Ֆիլմի սկզբում Ալմա Մադրիգալը իր փոքրիկ  թոռնուհուն՝ Միրաբելին պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը ստիպված եղել լքել հարզատ օջախը: Զոհվում է նրա ամուսինը՝ Պեդրոն, իսկ Ալմային ու իր երեք երեխաներին շնորհվում է կախարդական մի ապաստան՝ Կասիտան, խելացի տուն, որը լեռներով պաշտպանված էր արտաքին աշխարհից:

Նրա երեխաներին, ապա նաև թոռներից յուրաքանչյուրին տրվում է գերբնական որևէ ուժ՝ բացառությամբ Ջուլիետի կրտսեր դստեր՝ Միրաբելի: Այո, 15 ամյա աղջնակը ընտանիքում միակն է, ում այդ կախարդանքներից բաժին չի հասնում։

Թվում է, թե Էնկանտոյում կյանքն ընթանում է իր բնականոն հունով։ Մի օր, սակայն, Միրաբելը Կասիտայի պատերին ճաքեր է նկատում, որոնք ավելի ուշ անհետանում են։ Նա փորձում է հասկանալ, թե որն է խնդիրը։ Միջնեկ քրոջից՝ Լուիզայից իմանալով, որ վերջինս էլ օրվա ընթացքում մի որոշ ժամանակով կորցրել է իր գերբնական ուժը, Միրաբելն ուղևորվում է Բռունոյի աշտարակ, որը ապագան տեսնելու հնարավորություն է տալիս։ Այնտեղ աղջիկը տեսնում է սարսափելի մի պատկեր․ Կասիտան փլուզված է, իսկ Մադրիգալների ընտանիքը զրկված է կախարդանքից։

Ամբողջ սյուժեն ու ընթացքը, բնականաբար, չեմ պատմի, որ ավելի հետաքրքրությամբ դիտեք։ Միայն հավելեմ, որ ընտանիքն իրոք մեծ փորձությունների միջով է անցնում։ Վերջում, իհարկե, պատմությունը բարի ավարտ է ունենում, իսկ մուլտֆիլմի ողջ ընթացքում գունագեղ պատկերներն ուղեկցվում են տարբեր տրամադրություններ փոխանցող հրաշալի երգերով։ Անգլերենով ու իսպաներենով երգերի հեղինակը Լին Մանուել Միրանդան է։ Որպես կոմպոզիտոր՝ այս նախագծում աշխատել է նաև Ջերմեյն Ֆրանկոն, հայտնի «Կոկոյի գաղտնիքը» անիմացիոն ֆիլմի երգերի համահեղինակը։

Եվ այսպես, խորհուրդ եմ տալիս դիտել 2022 թվականի Օսկարի արժանացած «Էնկանտո» մուլտֆիլմը։

Ցուցադրել ավելի
Back to top button