Լուրեր

Ինչպե՞ս հաղթահարել համացանցից ու համակարգչից կախվածությունը․ մի քանի խորհուրդ

Այսօր՝ ապրիլի 4-ին իրենց մասնագիտական տոնն են նշում վեբմաստերները՝ մարդիկ, ովքեր կայքեր են ստեղծում, մշակում և ղեկավարում։ Ի դեպ, կարո՞ղ եք գլխի ընկնել, թե ինչու է հենց ապրիլի 4-ը նվիրվել վեբմաստերներին։ Այն ունի իր բացատրությունը․ 4․04 թվերը խորհրդանշում են 404 սխալը, որը մեր համակարգչի էկրանին է հայտնվում, երբ այս կամ այն կայք էջը չի գտնվում։ Իսկ դա անմիջականորեն կապված է վեբ կայքի մասնագետի հետ։ Բացի այդ՝ օրը համընկնում է նաև որոշ երկրներում նշվող Համացանցի միջազգային օրվա հետ: Այպիսով՝ ապրիլի 4-ը նաև համացանցի միջազգային օրն է։

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ մեզնից շատերն իրենց առօրյան առանց համացանցի չեն պատկերացնում։ Հենց նրա միջոցով ենք ծանոթանում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, տեղեկատվություն ենք ստանում ցանկացած թեմայի վերաբերյալ, շփվում ենք հեռավոր երկրներում ապրող մարդկանց հետ, խաղում ենք, ֆիլմեր դիտում, բլոգ վարում և այլն․․․ Բայց, խոստովանենք, որ այն երբեմն էլ մեզ խանգարում է կենտրոնանալ կարևոր գործերի վրա և․․․ այսպես ասած կախվածություն ենք զգում համանացից ու համակարգչից։ Եթե կարողանում ենք ինքնուրույն հաղթահարել կախվածությունը, շատ լավ է։ Իսկ, եթե մի փոքր դժվարանում ենք, կամ միանգամից չի ստացվում, ահա մի քանի խորհուրդ՝ մասնագետների կողմից։

Եթե նոթբուք եք օգտագործում, այնպես արեք, որ այն ձեր աչքից հեռու լինի։ Իսկ եթե մեծ համակարգիչ ունեք, ծածկեք այն ինչ-որ կտորով և միացրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Այդպես դուք ավելի հեշտ կհաղթահարեք դրանից օգտվելու գայթակղությունը։ Պայմանավորվեք և ամենամոտ ընկերոջ հետ առնվազն երեք ժամ զբոսնեք դրսում։ Հնարավոր է նա էլ այդ խնդիրն ունի․ այդպես դուք կօգնեք միմյանց օրվա ընթացքում ավելի քիչ ժամանակ անցկացնել համակարգչի առաջ։

Հաջորդ խորհուրդը․ սահմանեք հստակ ժամանակ՝ ասենք 30 րոպե կամ ամենաշատը մեկ ժամ։ Ու երբ այն սպառվի, արագ հեռացեք և ձեզ զբաղեցրեք այլ գործերով՝ օրինակ սենյակային բուսերը ջրեք, հավաքեք թափթված սենյակը, կամ կերակուր պատրաստեք։ Իրականում խորհուրդները շատ են, բայց եթե այս երեքն էլ կիրառեք, կզգաք, որ կամաց –կամաց ավելի քիչ ժամանակ եք անցկացնում համակարգչի առաջ ու վայելում եք ոչ թե վիրտուալ, այլ իրական կյանք, որն ավելի ջերմ ու գեղեցիկ է։

Ցուցադրել ավելի
Back to top button