10 րոպե կինոյի մասին

«Մինարի»․ 10 րոպե կինոյի մասին

Այսօր խոսելու եմ դրամա ժանրի մի շատ հետաքրքիր ֆիլմի մասին։ 2020 թվականին թողարկված ռեժիսոր Լի Այզեք Չունի կինոնկարը կոչվում է «Մինարի»։ Չունը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է ու, կարող ենք ասել, պատմությունը կիսաինքնակենսագրական է ռեժիսորը նկարագրել է այն միջավայրը, որում ինքն է դաստիարակվել։ «Մինարի» ֆիլմը պատմում է Հարավային Կորեայից Ամերիկայի Միացյալ նահանգների գյուղերից մեկը ներգաղթած մի ընտանիքի մասին, որն ուզում է կառուցել իր բարեկեցիկ ու երջանիկ կյանքը։ Գործողությունները տեղի են ունենում 1980-ականներին։

Լի ազգանունով ընտանիքը Կալիֆոռնիայից տեղափոխվում է Արքանզասի գյուղական համայնքներից մեկը՝  նոր հողատարածք։ Ընտանիքի հայրը՝ Ջեյքոբը, պլանավորել էր այնտեղ կորեական բերք աճեցնել ու վաճառել Դալլասի առևտրականներին։ Սակայն, կինը չէր կիսում նրա լավատեսությանը, Մոնիկան շատ դժգոհ էր, ու նաև անհանգստացած՝  սրտի խնդիրներ ունեցող իրենց որդու՝ Դեյվիդի առողջական վիճակով։

Քանի որ ամուսիններն  զբաղված էին գյուղատնտեսական հարցերով, Դեյվիդին ու  քրոջը՝ Էննիին հետևելու համար, Կորեայից ԱՄՆ է տեղափոխվում Մոնիկայի մայրը՝ Սունջան։ Դեյվիդը, վերջինիս հետ, ստիպված էր  կիսել իր ննջասենյակը, թեև այնքան էլ չէր հարմարվում Սունջային՝ տատիկի կերպարի վերաբերյալ տղայի պատկերացումներն այլ էին։

Այնուամենայնիվ, Սունջան փորձում է հարմարվել Նահանգների կյանքին և մտերմանալ երեխաների հետ:

Ջեյքոբը՝ աշխատանքի ընթացքում   հանդիպում է լրացուցիչ դժվարությունների, օրինակ՝ Դալլասում անազնիվ մի վաճառողի, որը վերջին պահին չեղարկում է պատվերը: Չնայած Մոնիկայի Կալիֆոռնիա վերադառնալու բազմաթիվ պահանջներին, Ջեյքոբը նախընտրում է մնալ ու շարունակել գործն այստեղ։ Հենց այս հարցն էլ խաթարում է նրանց ամուսնությունը։  

Սունջան երեխաներին տանում է առվակի մոտ մինարու սերմեր տնկելու։ Նա պատմում է թոռներին, թե որքան դիմացկուն և օգտակար է բույսը ու կանխատեսում է առատ աճ: Դեյվիդը վերջապես սկսում է հասկանալ ու ընդունել տատիկին, երբ վերջինս նրան թղթախաղ է սովորեցնում, կապում է վերքերն ու քնեցնում։ Մի օր էլ տարեց կինը սրտի կաթված է ստանում։ Սունջայի կյանքը հաջողվում է փրկել, սակայն ինսուլտից հետո խանգարվում է նրա խոսքը, իսկ շարժվելու կարողությունը՝ սահմանափակվում։

Ամուսինների վեճը շարունակվում է։  Ջեյքոբը Մոնիկային խոստովանում է, որ իր համար հաջող բերք ունենալն  ավելի կարևոր է, քան իրենց ընտանիքի կայունությունը։ Զգացմունքային պոռթկումից հետո նրանք որոշում են բաժանվել։

Այդ ընթացքում՝ դեռ չապաքինված Սունջան հանկարծակի հրկիզում է ապրանքներով լի պահեստը։ Տուն հասնելուն պես, Ջեյքոբն ու Մոնիկան շտապում են հանգցնել կրակն ու փրկել բերքը։ Կրակի դեմ պայքարել  նրանց չի հաջողվում ու նրանք որոշում են միմյանց փրկել, թողնելով, որ ողջ ունեցվածքն այրվի։

Որոշ ժամանակ անց Ջեյքոբն ու Դեյվիդը գնում են առվի մոտ ու հավաքում բարեհաջող աճած մինարին։

Մեծ հուզականությամբ ֆիլմ է ձեզ սպասվում։ Ինձ մնում է միայն հավելել, որ տատիկին մարմնավորած դերասանուհի Յուն Յոջոնը այս դերի համար 2021 թվականի Օսկարին արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակին։ Խորհուրդ եմ տալիս առաջիկա հանգստյան օրերին դիտել 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված «Մինարի» ֆիլմը։

Ցուցադրել ավելի
Back to top button