Ավարտվել է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

«Ավարտվեց ապրիլի 1-ից մեկնարկած Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, որը նպատակ ուներ բարձրացնել երեխաների՝ գրքի ու ընթերցանության նկատմամբ հետաքրքությունը, ճանաչել մեր կողքին ապրող ու ստեղծագործող գրողներին»- նշված է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Շաբաթի շրջանակում գրադարանում կազմակերպվել են ցուցահանդեսներ, ցերեկույթներ, գրքի քննարկումներ, հայ ժամանակակից գրողների հեքիաթների շուրջ հեքիաթապատումներ, երաժշտական ունկնդրումներ, ինտերակտիվ խաղեր ու թատերական ներկայացումներ: Գրադարանում տոնեցին տարվա հոբելյարների՝ մանկագիր Յուրի Սահակյանի 85 ու գուսան Շերամի 165-ամյակները:
Այս տարի լրանում է նաև ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջ» գրքի 180-ամյակը, որի շրջանակում գրադարանում անցկացվեց գրքի տեսությունը։ Ապրիլի 7-ին տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության օրվան նվիրված ցերեկույթ, որի ժամանակ գրադարանի ակտիվ ընթերցողները կատարեցին մայրերին նվիրված երգեր, ընթերցեցին բանաստեղծություններ, բեմադրեցին թատերական ներկայացում: Շաբաթի ընթացքում կազմակերպվեց այցելություն Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, որտեղ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում ծառատունկ իրականացվեց:
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակումը տեղի ունեցավ ապրիլի 8-ին, որի շրջանակում կազմակերպված գրական ցերեկույթին հրավիրվել էին ժամանակակից հայ մանկագիրները՝ ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր Ա. Վարդանյանը, Ս. Ղազարյանը, Օ. Դարյանը, Ա. Հովսեփյանը և Մ. Սարգսյանը: