Ի՞նչ է հուշում մեզ օրացույցն այսօր․․․
Հուշում է, որ 42 տարի առաջ՝ 1980 թվականի ապրիլի 14–ին է մահացել աշխարհի ամենահայտնի մանկագիրներից մեկը՝ Ջանի Ռոդարին․ այնպես որ այս օրը ևս մեկ անգամ մեր մանկության սիրելի գրողին հիշելու օր է։
«Չիպոլինոյի արկածները», «Երկնագույն նետը», «Հեքիաթներ հեռախոսով», «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»․ ծանո՞թ անուններ են։ Իհարկե, մեր մանկության սիրելի գրքերն են, Ռոդարիի հերոսներն էլ՝ մեր սիրելի հերոսները։ Եվ, չնայած Ռոդարին մանկագիր է համարվում, նրա բոլոր ստեղծագործությունները՝ հեքիաթ, թե ոտանավոր, նաև մեծերի համար են․ չէ՞ որ ազնվության, ընկերության, նվիրվածության, արդարության և իսկական սիրո մասին մարդիկ երբեք էլ չեն դադարում մտածել․․․
Գարունը մեզ ավելի ու ավելի հաճախ է դուրս կանչում՝ այգի, անտառ, սար, դաշտ․ այնտեղ, ուր բնությունն ամեն օր մի գանձ է հանում իր գրկից՝ մի նոր ծաղիկ, նոր գույն, նոր բողբոջ․․․Կանչում է ու ասում․ հիացիր, վայելիր, լիցքավորվիր․ չէ՞ որ մենք մեկ ենք, նույնն ենք․․․
Հաղորդման երկրորդ հատվածում մեր հյուրի՝ բնախույզ–լրագրող Սուրեն Հայրապետյանի հետ զրուցելու ենք մարդու և բնության կապի մասին․․․