10 րոպե կինոյի մասին

«Քրիստոֆեր Ռոբին»․ 10 րոպե կինոյի մասին

Այսօր ներկայացնելու եմ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության կողմից նկարահանված ուսուցողական, բարի, միևնույն ժամանակ՝ շատ զվարճալի մի արկածային կինոկատակերգություն։ Եվ այսպես, «Քրիստոֆեր Ռոբին»։

Ռեժիսոր Մարկ Ֆորսթերի ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 3-ին՝ ԱՄՆ-ում։ Այն հիմնված է Ալան Միլնի՝ Վինի Թուխի մասին գրքերի վրա և համարվում է այդ կերպարի մասին դիսնեյյան ֆրանշիզայի խաղարկային ադապտացիան։ Գլխավոր դերերում հանդես են եկել Էվան ՄաքԳրեգորն ու Հեյլի Էթվելլը։

Մի փոքրիկ տղա՝ Քրիստոֆեր Ռոբինը՝ դպրոցում սովորելու համար, պետք է մեկնի Լոնդոն։ «Հրաշալի անտառի» նրա ընկերները՝ Վինի Թուխը, Վագրը, Բուն, Ճագարն ու մյուսները հրաժեշտի երեկույթ են կազմակերպում նրա համար։ Մեկնելուց առաջ Քրիստոֆերն ասում է Վինիին, որ երբեք չի մոռանա իրեն։ Սակայն, դպրոցում՝ հանդիպելով աշակերտների ծաղրին և ուսուցչի խստությանը, տղան, ասես, կորցնում է երևակայությունն ու միանգամից հասունանում։

Արդեն չափահաս Քրիստոֆերն աշխատում է ուղեբեռների փոխադրման գործակալությունում՝ որպես ընկերության արդյունավետության գծով փորձագետ։ Ի՜նչ լուրջ մասնագիտություն է…      

Հենց այստեղ էլ տնօրենը նրան հանձնարարում է կրճատել աշխատակազմի 20%-ին։ Նա պետք է ներկայացնի ցուցակ՝ այն մարդկանց անուն-ազգանունները, որոնք պետք է ազատվեն աշխատանքից։

Իսկ այդ ժամանակ՝ «Հրաշալի անտառում» Վինին արթնանում ու տեսնում է, որ իր մեղրը վերջացել է, և որ անտառը դատարկ է ու իրենից բացի այնտեղ ոչ ոք չկա։ Խորհրդի համար նա գնում է Քրիստոֆեր Ռոբինի մոտ։ Անցնելով դեպի իրական աշխարհ տանող կախարդական դռնով, Վինին հայտնվում է Լոնդոնում։ Բազմաթիվ խնդիրների հանդիպելուց հետո, նա հոգնում է և նստում քաղաքային այգու նստարաններից մեկին։ Զուգադիպությամբ, Քրիստոֆերը նստում է նրա հետևում գտնվող նստարանին ու փորձում է հասկանալ, թե ինչպե՞ս վարվի, ինչպե՞ս լուծի իր ղեկավարի կողմից տրված ծանր առաջադրանքը։ Այդ պահին հին ընկերները հանդիպում են։

Քրիստոֆերը ցնցված է․այսքան տարի անց նա կրկին տեսնում է Վինիին։ Նա շուտով համաձայնում է արջուկին վերադարձնել գյուղ, քանի որ կախարդական դուռը, որտեղով եկել էր Վինին, անհետացել է, իսկ վերջինս ինքնուրույն չի կարող հետ գնալ։ Որոշ արկածներով անցնելուց հետո նրանք գնացքով ուղևորվում են քաղաքից դուրս։

Անտառում Քրիստոֆերն օգնում է Վինիին գտնել մյուս կենդանիներին՝ իր ընկերներին, թողնում է նրանց այնտեղ ու հետ վերադառնում Լոնդոն։ Այդ ընթացքում գյուղում գտնվող իր կինը՝ Էվելինն ու աղջիկը՝ Մադլենը ծանոթանում են Քրիստոֆերի մանկության փափուկ կենդանիների հետ։

Վինին ու ընկերները գտնում են Քրիստոֆերի մոռացված փաստաթղթերը ու որոշում նորից գնալ Լոնդոն՝ դրանք փոխանցելու համար։

Ի վերջո, Քրիստոֆերին հաջողվում է խելամիտ մի այնպիսի լուծում առաջարկել ընկերության տնօրենին, որի շնորհիվ ոչ մի աշխատակից չի զրկվի աշխատանքից։ Ֆիլմի վերջում Քրիստոֆերը՝ ընտանիքի հետ միասին՝ «Հրաշալի անտառում» ժամանակ է անցկացնում փափուկ կենդանիների հետ։ Խորհուրդ եմ տալիս դիտել 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված 1 ժամ 44 րոպե տևողությամբ «Քրիստոֆեր Ռոբին» կինոնկարը։ Կարծում եմ, որ լավ առիթ է միասին անցկացնելու և ընտանեկան դիտում կազմակերպելու համար։ Լավ ժամանակ կանցկացնեք։

Ցուցադրել ավելի
Back to top button