10 րոպե կինոյի մասին

«Սասունցի Դավիթ»․ 10 րոպե կինոյի մասին

Որոշել եմ այսօրվա ֆիլմի միջոցով վերադառնալ մեր արամատներին և խոսել մի մուլտֆիլմի մասին, որը թեև նկարահանվել է մեր էպոսի հիման վրա, սակայն մեզնից ոչ բոլորն են այն դիտել։

Եվ այսպես․․․Ռեժիսոր Արման Մանարյանի «Սասնա Ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմից ենք խոսելու առաջիկա րոպեներին։

Այն Հայաստանի անկախությունից ի վեր նկարահանված առաջին լիամետրաժ մուլտֆիլմն է։ Սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Արման Մանարյանն է, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը, կոմպոզիտորները՝ Խաչիկ Սահակյանն ու ռեժիսորի որդին՝ Հայկ Մանարյանը։ Մուլտֆիլմի սցենարը գրվել է դեռ 1995 թվականին, սակայն ստեղծման աշխատանքները սկսվել են 2001 թվականին ու ունեցել բավականին երկար ընթացք։ Տարեկան հնարավոր է եղել ավարտել մուլտֆիլմի ընդամենը 10 րոպեանոց հատված։ Եվ միայն 2010 թվականին՝ երկար ու մանրակրկիտ աշխատանքից հետո, ի վերջո, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից թողարկվեց հայկական դյուցազնավեպի մուլտիպլիկացիան։ Հերոսներին հնչյունավորել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը և ուրիշներ։ Մուլտֆիլմում հնչում է նաև Խորեն Աբրահամյանի ձայնը։

«Սասնա Ծռեր» դյուցազնավեպի էկրանավորումը հանդիսատեսին ծանոթացնում է հազարամյակների խորքերից եկող հայ ժողովրդի անցյալի հերոսական պայքարի հետ։ Դրա մեջ վիպական լեզվով ու պատկերներով արտացոլված են ժողովրդի ազգային ինքնության, ինքնագիտակցության և անկախության համար մղած պայքարը, նրա ազատատենչ խոհերն ու ձգտումները։


Վառ կերպարներով, ուժեղ ձայնով ու հաջողված պատկերներով «Սասնա Ծռեր» մուլտֆիլմը դարձավ նորանկախ Հայաստանում լիամետրաժ մուտլֆիլմի առաջին ու հաջողված փորձը, որին հաջորդեցին այլ էկրանավորումներ։ Առաջարկում եմ հենց այս հանգստյան օրերին անպայման դիտել մեկ ժամից մի փոքր ավել տևող իսկապես գեղեցիկ ու հետաքրքիր մուլտֆիլմը։


Ցուցադրել ավելի
Back to top button