Լուրեր

Երևանում հանրային տրանսպորտի բարելավման գործընթացը շարունակվում է

 Երևանում հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով կառավարման կենտրոն կստեղծվի: Այս մասին այսօր տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Մեր բոլոր ավտոբուսները կահավորված են տեսախցիկներով: Կառավարման կենտրոնում  կլինեն  օպերատորներ, որոնք ժամանակի ցանկացած պահին վերահսկողություն կիրականացնեն: Ծրագիրը թեստավորման փուլում է: Հոկտեմբերին ամբողջական կառավարման կենտրոն կունենանք»,-հավելել է քաղաքապետը:

Հրաչյա Սարգսյանն ընդգծեց, որ հանրային տրանսպորտի ոլորտում երթևեկության կազմակերպման հետ կապված որոշակի խնդիրներ լուծելուց հետո նոր ավտոբուսները ժամային առումով  մինչև 23.55 կաշխատեն:

«Մենք վարորդների պայմանները ևս բարելավել ենք: Առողջապահության ապահովագրություն ենք տվել: Անցած տարի մենք 10 միլիարդ դրամ ենք ծախսել և ձեռք ենք բերել 211 ավտոբուս, հիմա պատրաստվում ենք ևս 100 ավտոբուս , 15 տրոլեյբուս  ձեռք բերել՝ բոլորը հավաքագրված գումարների հաշվին»,-ասել է նա:

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ մայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Հ. 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով: 

Ցուցադրել ավելի
Back to top button