Վ․ Մատիկյան — Նախորդ զրույցի ժամանակ անդրադարձանք քաղաքական իշխանության չորս հիմնական գործառույթներին՝ բարիքների արդար բաշխում և վերաբաշխում, համապարտադիր վարքի սկզբունքների ձևավորում, հասարակական կարգի պահպանում և հասարակության համախմբում։ Այս զրույցի ընթացքում կփորձենք այս սկզբունքների համատեքստում դիտարկել Արշակունյաց արքայատոհմի չորս հայտնի արքաների կառավարման բովանդակությունը․ Խոսրով Կոտակ, Տիրան, Արշակ Երկրորդ և Պապ։ Եվ կփորձենք նաև թե՛ ընթացքում և թե՛ վերջում անդրադառնալ այն հարցին, թե որքանով էր նրանց կառավարումը համապատասխանում այս չորս սկզբունքներին։
Խոսրով Կոտակի մասին գիտենք որպես շինարար արքա, համենայնդեպս նոր և նորագույն շրջանի պատմագրությունը նրան այդպես է ներկայացնում, սակայն սկզբնաղբյուրները չեն շտապում դրվատանքի խոսքեր ասել Խոսրով Կոտակի հասցեին՝ նրան ներկայացնելով իբրև ալարկոտ արքա, ով ավելի շատ սիրում էր որսով զբաղվել։ Սակայն մենք կանդրադառնանք նրա հետ կապված մեկ այլ փաստի։ Խոսրով Կոտակը, ինչպես գիտեք, կառավարել է 330-338թվականներին։ Նրա օրոք տեղի ունեցավ մի շատ բացասական երևույթ․ նա շատ դաժան կերպով պատժեց նախարարական տոհմերի, և պատժի այս տեսակը հետագայում շարունակվեց նաև հաջորդ արքաների օրոք։ Ճիշտ է, նրա օրոք պատժված այդ նախարարական տոհմերը դավաճանական գործողություն էին իրականացրել, բայց մեկ է, արքայի ցասումը որպես այդ դավաճանության հատուցում բավական դաժան էր։ Այս գիծը շարունակվում է նրա որդու՝ Տիրանի կառավարման ժամանակ։ Տիրանը, որը կառավարել է 338-350 թվականներին, ինչպես պատմիչներն են ասում, գրեթե բնաջնջեց Արծրունի և Ռշտունի տոհմերը: Նշում են նույնիսկ, որ այլ իշխանական տոհմեր հազիվ կարողացան յուրաքանչյուր տոհմից մեկական տղայի փրկել և այդպիսով այդ տոհմերը պահպանել։
Այստեղ արդեն իսկ անդրադառնանք վերը նշված չորս սկզբունքներին՝ նշելով, որ այսպիսի դաժան գործողությունները երբեք չենք կարող անվանել, օրինակ, հասարկության համախմբմանը նպաստող կամ հասարակական կարգի պահպանմանը նպաստող, որովհետև այն ժամանակ՝ ավատատիրական կարգի ժամանակ, հենց իշխանական կառույցն էր կազմում պետության ողնաշարը, և պետական կարգի հիմքում հենց այս իշխանական համակարգն էր ընկած։ Պատժելով այդ իշխաններին այսքան դաժանաբար, այսինքն՝ կոտորելով նաև անմեղ ներկայացուցիչներին, թագավորները, բնականաբար, մյուս իշխանների կողմից իրենց նկատմամբ անվստահություն էին առաջացնում՝ դրանով էականորեն վնասելով հասարակական կարգի պահպանմանը և հասարակության համախմբմանը, որովհետև այլ իշխանները, բնական է, զգուշավոր կլինեին արքայի հետ հարաբերություններում՝ վախենալով նրա ցասումից։ Բացի այդ Տիրանը, եթե հիշում եք, չկարողացավ իր ցասումը զսպել նաև կաթողիկոսի հետ հարաբերություններում՝ հրամայելով Հուսիկ կաթողիկոսին բրածեծ անելով սպանել։
Հաջորդ արքան՝ Արշակ Երկրորդը, որը կառավարել է 350-368 թվականներին, ցավոք, նույնպես աչքի ընկավ այսպիսի գործողություններով․․․
Շարունակությունը՝ զրույցում։