Լուրեր
Մարդիկ, ովքեր իրենց կյանքը վտանգելով պաշտպանում ու շատ հաճախ փրկում են մեզ հրդեհների ժամանակ

Այսօր՝ մայիսի 4-ին իրենց մասնագիտական տոնն են նշում հրշեջները։ Մարդիկ, ովքեր իրենց կյանքը վտանգելով պաշտպանում ու շատ հաճախ փրկում են մեզ հրդեհների ժամանակ և տեղահանում անվտանգ վայրեր։
Եկեք ջերմորեն շնորհավորենք բոլոր հրշեջ փրկարարներին և շնորհակալություն հայտնենք իրենց աշխատանքի համար։ Սիրելի հրշեջներ, հուսով ենք, այսօր ձեզ կզանգահարեն միայն շնորհավորելու և մաղթանքի խոսքեր ասելու համար։
Իսկ որպեսզի մեր քաղաքում հրդեհներ քիչ լինեն, որոնք շատ հաճախ գրանցվում են նաև մեր մեղքով, տեղին է հիշել մի քանի խորհուրդ, որը տրամադրել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը
- Գետնին չգցել այրվող լուցկի
- Չայրել չոր խոտերը
- Խուսափել բենգալյան կրակներ վառելուց
- Տնից դուրս գալուց անջատել էլեկտրասարքավորումները՝ հատկապես արդուկը, հեռուստացույցը և տաքացուցիչները
Եվ մի կարևոր հիշեցում էլ․ հրդեհի ժամանակ խուճապի չմատնվել և անմիջապես զանգահարել 9-11 հեռախոսահամարով։ Հրշեջ փրկարարները րոպեների ընթացքում կհասնեն դեպքի վայր։