Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Վերաբացվել է նաև Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը:
«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը Հայաստանում առաջին փորձն է՝ միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները:
Ցուցահանդեսը բաղկացած է 2 ցուցադրատարածքից: Առաջին հատվածում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործած այն նկարիչները, որոնց արվեստում իմպրեսիոնիզմն առանցքային կամ որոշիչ դեր է ունեցել: Երկրորդ բաժնում ներկայացված են իմպրեսիոնիզմի հիմնական միտումներն ու ոճաձևաբանական սկզբունքներն առավել ցայտուն ու բազմակողմանիորեն յուրացրած արվեստագետների աշխատանքները:
Երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք ընդգրկող հավաքածուն ամփոփում է անվանի այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Վահրամ Գայֆեճյանը, Կարապետ (Շառլ) Ադամյանը, Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ:
Լայն հանրության համար «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսը հասանելի կլինի շուրջ 3 ամիս: