10 րոպե կինոյի մասին

«Կոկոյի գաղտնիքը». 10 րոպե կինոյի մասին

Այսօր պատմելու եմ մի հրաշալի մուլտֆիլմի մասին, որի անունն է «Կոկոյի գաղտնիքը»։ «Pixar» անիմացիոն ստուդիայի և Ուոլթ Դիսնեյ ընկերության կողմից 2017 թվականին թողարկված մուլտֆիլմը միանգամից 2 «Օսկար» մրցանակ է ստացել ՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» և «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգերում։ Սաունդթրեքին դեռ կանդրադառնանք։ Հիմա խոսենք ֆիլմի մասին։

Սյուժեի հիմքում մեքսիկական տոնն է՝ «Մեռյալների օրը» ։ Մեքսիկայի  հատկապես կենտրոնական ու հարավային շրջաններում նշվող այս տոնակատարության ժամանակ ընտանիքի անդամներն ու ընկերները հավաքվում, աղոթում և հիշում են ընտանիքի մահացած անդամներին և ընկերներին։ Ի դեպ, 2008 թվականին այս ավանդույթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։

Ռեժիսոր Լի Անկրիչն առաջինն էր, որ ներկայացրեց մուլտֆիլմի գաղափարը դեռ 2015 թվականին՝ «Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ» մուլտֆիլմի թողարկումից անմիջապես հետո։ Ոգեշնչման համար, նա՝ ֆիլմի անձնակազմի հետ, հետազոտական էքսկուրսիա է կատարել դեպի Մեքսիկա։

Նկարիչները «Կոկոյում» կմախքների տեսքը վերափոխել են, որպեսզի նրանց ավելի գրավիչ դարձնեն հանդիսատեսի համար։ Գլխավոր հերոսին հնչյունավորել է մեքսիկացի պատանի՝ Էնթոնի Գոնսալեսը։ Ասեմ, որ մուլտհերոսների ձայների փնտրտուքը բավականին երկար է տևել։ Մեծ քասթինգից հետո հաստատվել է 17 ամյա մեկ այլ տղայի թեկնածությունը, սակայն անցումային տարիքում գտնվելու պատճառով պատանու ձայնն ընթացքում փոխվել է, և ֆիլմի ստեղծողներն ընտրել են Էնթոնիին։

Ֆիլմը մեքսիկական Սանտա Սեսիլիա անունով հորինված քաղաքի մի պատանու 12 ամյա Միգել Ռիվերայի ու նրա երազանքի մասին է։ Հասարակ կոշկակարների ընտանիքում ծնված տղան ուզում է այնպիսի երաժիշտ դառնալ, ինչպիսին իր կուռքն է՝ Էռնեստո դե լա Քրուզը։

Բայց Ռիվերաների ընտանիքում երաժշտությունն արգելված է, նույնիսկ անեծք է համարվում ․․․ չէ, պատճառն այն չէ, որ այստեղ ձանձալի մարդիկ են ապրում։ Պարզապես,100 տարի առաջ, Միգելի նախապապը կոմպոզիտոր դառնալու համար թողել էր կնոջն ու ընտանիքը։ Եվ այդ օրվանից  նրանց մեծ տատիկը՝ Իմելդան, ողջ ընտանիքին արգելել էր  խոսել երաժշտության մասին առհասարակ։ Նրանք զբաղվում էին կոշիկի բիզնեսով։ Եվ այնուամենայնիվ, տան անդամներից թաքուն, Միգելը նվագել է սովորում ինքնաշեն կիթառի վրա։ Կասկածելի համընկնումների պատճառով, տղան սկսում է մտածել, որ իր նախապապը հենց Էռնեստո դե լա Քրուզն է։ Հերոսը պատահակնորեն հայտնվում է «Մահացածների աշխարհում», որտեղ հանդիպում է իր նախնիների հոգիներին։ Խորամանկ կմախք Հեկտորի ընկերակցությամբ, նա պետք է մինչ լուսաբաց կարողանա գտնել դե լա Քրուզին։ Հակառակ դեպքում, Միգելը երբեք չի վերադառնա տուն ու կդառնա կմախք։

Մուլտֆիլմում դեպքերը հեշտ չեն ընթանում։ Իր տաղանդն ապացուցող, անհաջողություններից հուսահատված պատունին շարունակ տարբեր իրավիճակներում է հայտնվում։

«Կոկոյի գաղտնիքը» կինոքննադատների կողմից բազմաթիվ դրական կարծիքների է արժանացել։ Լավ երաժշտության, վառ ու գեղեցիկ պատկերների շնորհիվ՝ ֆիլմի պատմությունն ու սցենարն ավելի խոսուն են դառնում։

Անսահման բարություն կա այս մուլտֆիլմում։ Այնպիսի դրական հույզեր են արթնանում դիտողի մոտ, որ երկար ժամանակ մնում ես այդ տպավորությունների ազդեցության դաշտում։

«Կոկո»-ի տեսարաններում կան նաև հումորային տեքստեր, որոնք չափի մեջ են, ավելի շատ նախատեսված կրտսեր դիտողների համար։ Մուլտֆիլմը մեծ հաճույքով են դիտում նաև մեծահասակները․ համացանցում հաճախ կարող եք դրական արձագանքների հանդիպել հենց նրանց գրառումներում։ Կարծում եմ 1 ժամ 45 րոպե տևողությամբ «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմը լավ տարբերակ է ընտանեկան կինոդիտում կազմակերպելու համար։

Իսկ հիմա կարող ենք լսել Քրիստեն Անդերսոն Լոպեսի և Ռոբերտ Լոպեսի հեղինակած “Remember me”` «Հիշիր ինձ» սաունդթրեքը, որը բազմաթիվ մրցանակների արժանացավ, այդ թվում՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button