10 րոպե կինոյի մասին

«Ճագար Փիթրը». 10 րոպե կինոյի մասին

Այսօր պատմելու եմ մի ուրախ ֆիլմի մասին: Ընտանեկան դիտման համար նախատեսված ամերիկյան կինոկատակերգության վերնագիրն է՝ «Ճագար Փիթրը»: 2018 թվականին թողարկված անիմացիոն-խաղարկային ֆիլմի ռեժիսորը Ուիլ Գլակն է: Այն հիմնված է գրող Բեատրիս Փոթերի համանուն պատմությունների շարքի վրա: Դե արդեն ասացի, որ «Ճագար Փիթրը» խաղարկային ֆիլմի ու անիմացիայի համադրություն է, ուստի իրական կերպարներին մարմնավորել են Ռոուզ Բիրնը, Դոնալ Գլիսոնը և Սեմ Նիլը, իսկ գլխավոր հերոսին՝ չարաճճի ճագարին հնչյունավորել է կատակերգու Ջեյմս Քորդենը: Մյուս անիմացիոն հերոսներն էլ խոսում են Դեյզի Ռիդլիի, Էլիզաբեթ Դեբիկի և Մարգո Ռոբիի ձայներով:

Ֆիլմը՝  Փիթր անունով մի ճագարի մասին է, որը լուրջ խնդրի առաջ է կանգնում, երբ պարոն Մաքգրեգորի մահից հետո, ամառանոցն անցնում է նրա հեռավոր զարմիկի՝Թոմասի տիրապետության տակ:

Ճագար Փիթրը՝ կենդանական աշխարհի իր ընկերների ու բարեկամների հետ, ապրում է Անգլիայի ծայրամասային գյուղերից մեկի անտառում: Նրանք ուրախ ու անհոգ կյանք են վարում: Ընկերություն են անում մի տեղացի աղջկա՝ Բեատրիսի հետ, որը շատ է սիրում բնապատկերներ ու նապաստակներ նկարել: Կարելի է ասել՝  նա ստանձնել է ճագարների այսպես ասած խնամակալությունը: Նույնը սակայն չենք կարող ասել պարոն Մաքգրեգորի մասին: Ճագարների ընտանիքն ու ծերուկը մեղմ ասած բարիդրացիական հարաբերություններ չունեին: Դե, մի օր էլ, անառողջ ապրելակերպի պատճառով, ծերունի Մաքգրեգորը սրտի կաթվածից մահանում է: Դրանից հետո մեր հնարամիտ Փիթրը հավաքում է բոլոր կենդանիներին ու գրավում է Մաքգրեգորի տունը:

Այդ նույն ժամանակ, Լոնդոնում ապրող ծերունու հեռավոր զարմիկ Թոմասը, սրտի թրթիռով սպասում է իր պաշտոնի բարձրացմանը: Նա անտարբերությամբ է ընդունում հորեղբոր մահվան լուրը, որի գոյության մասին անգամ չգիտեր:

Սակայն, ընկերության գլխավոր տնօրենի օգնականի պաշտոնը, որին Թոմասը 10 տարի շարունակ ձգտում էր հասնել, բաժին է ընկնում մեկ այլ երիտասարդի:

Դե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այնտեղ էլ է աշխատում: Զայրացած Թոմասը կորցնում է ինքնատիրապետումն ու անընդունելի քայլերի է գնում, որի հետևանքով էլ հեռացվում է աշխատանքից ու ստիպված՝ տեղափոխվում գյուղ:

Երբ Թոմասն իմանում է, որ հորեղբորից ժառանգած անշարժ գույքը բավականին թանկ արժե, որոշում է այն վաճառել։ Ստացած գումարով  նա ցանկանում է բացել իր սեփական խաղալիքների խանութն ու դառնալ նախկին գործատուի դաժան մրցակիցը: Եվ ահա, Թոմասը Փիթրին ու մյուս կենդանիներին դուրս է վռնդում տնից ու ամրացնում պարտեզի ցանկապատները:

Հավատու՞մ եք, որ մեր չարաճճի ճագարներն այդքան հեշտ հանձնվեն: Ոչ մի դեպքում: Սկսվում է թեժ պայքարը, կենցաղային պատերազմներ՝ փոխադարձ թակարդների պատրաստում ու ամենօրյա տուրուդմփոցներ: Էլ ի՞նչ ֆիլմ, եթե  չկա սիրահար զույգ: Բեատրիսն ու Թոմասն այդ ընթացքում սիրահարվում են, ինչն էլ, բնականաբար, դուր չի գալիս Փիթրին ու էլ ավելի է լարում իրավիճակը: Նրանց անզիջում պայքարի պատճառով, Բեատրիսը հիասթափվում է Թոմասից, վերջինս էլ սրտնեղած՝ թողնում է գյուղն ու վերադառնում Լոնդոն:

Ճագար Փիթրն  իրեն մեղավորում է զգում կատարվածի համար: Իսկ երբ իմանում է, որ Բեատրիսը պատրաստվում է տեղափոխվել գյուղից, խիղճն ավելի է տանջում ու իր զարմիկ Բենջամինի հետ ուղևորվում է Լոնդոն՝ Թոմասին գտնելու: Նրանց հաջողվում է համոզել տղային, որ պետք է մենակ չթողնի այն մարդուն, ում ընտրել է սրտով, հետ վերադառնա գյուղ ու հաշտվի Բեատրիսի հետ: Այդպես էլ, լինում է: Ճագարները նորից միացնում են սիրահար զույգին: Միայն թե այս անգամ, արդեն համատեղ ջանքերով պետք է թակարդներ պատրաստեն ու նյարդայնացնեն Մաքգրեգորի տան նոր տերերին … դե․․․ որպեսզի Թոմասը հետ գնի իր հորեղբորից ժառանգած տունը:

Ֆիլմն իսկապես զվարճալի է ու հաջողված: 50 մլն դոլար բյուջով կինոնկարը տոմսարկղերում հավաքել է 351 մլն դոլարի եկամուտ: Հավանաբար, սա էլ, ֆիլմի պրոդյուսերների նոր նախաձեռնությանը նպաստող հանգամանքներից մեկն էր: 2021 թվականին տեղի է ունենում «Ճագար Փիթրը 2» ֆիլմի պրեմիերան: Այն շարունակում է արդեն սիրված հերոսների պատմությունները, ավելանում են նոր արկածներ:

Բեատրիսը, Թոմասն ու ճագարները վերջապես հաշտ ու համերաշխ ապրում են: Բայց միապաղաղ կյանքը շատ արագ ձանձրացնում է ըմբոստ Փիթրին ու նա փախչում է տնից ։ Հայտնվելով մեծ քաղաքում, նա սկսում է նոր արկածներ որոնել: Շատ չարաճճի է էէէ: Ընտանիքը գնում է նրա հետևից, որ կանգնեցնի ու տուն բերի:

Փաստորեն իրար հետևից 2 ֆիլմ կարող եք դիտել առաջիկա հանգստյան օրերին: «Ճագար Փիթրը» և «Ճագար Փիթրը 2», որը 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված ընտանեկան կատակերգության շարունակությունն է: Ձեզ հաճելի կինոդիտում եմ մաղթում։

Ցուցադրել ավելի
Back to top button