Լուրեր

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը

Մայիսի 17-21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը: Այս տարի հոբելյանական փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում:

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

Կանցկացվի նաև հատուկ նախագիծ «Թատրոն-Դրամա.am» էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսված են թատերական ընթերցումներ՝ «Սովորական մարդկանց անսովոր պատմությունները» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի մայիսի 17-ին՝ ժամը 19։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի։

Միջազգային ծրագրում հանդես կգան Ալեքսանդրաս Ռուբինովասը՝ «Իմ հայրը» (Լիտվա), Ելենա Դուդիչը՝ «Ռոմեո և Ջուլիետ կամ․․․» (Ուկրաինա), Մենտոր Զիմբարայան՝ «Համլետի երազները» (Ալբանիա), Մատեուշ Նովակը՝ «Զոհաբերություն» (Լեհաստան), Ալեքսանդր Ալադիշևը՝ «Ծիծաղելի մարդու երազը» (ՌԴ), Դեսպինա Սարաֆիդուն՝ «Մեդեա» (Հունաստան), Իրինա Մեգվինետուխուցեսին՝ «Հրեշտակի տիկնիկը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Տեղական ծրագրում հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը», ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը՝ «Ասպետական ռապսոդիա», ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Վերհիշիր անունը քո», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները», Գոռ Համբարձումյանը՝ «MENախոսություն» մոնոներկայացումներով:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը բացահայտում և սիրելի է դարձնում Հայաստանն օտարերկրյա մշակութային գործիչների համար: Այն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button