10 րոպե կինոյի մասին

«Անձրևի մարդը»․ 10 րոպե կինոյի մասին

Ֆիլմը, որի մասին այսօր ուզում եմ պատմել ձեզ, նկարահանվել է 1988 թվականին։ Ռեժիսոր Բարրի Լևնիսոնի հուզիչ դրաման նախատեսված է 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ Գլխավոր դերերում հանդես են եկել կինոյի աստղեր Դասթին Հոֆմանն ու Թոմ Քրուզը։ Պատմության գլխավոր հերոսը աուտիզմով հիվանդ Ռեյմոնդն է, որին էլ մարմնավորել է լեգենդար Դասթին Հոֆմանը։ Ընդհանրապես, կարելի է ասել, որ Հոֆմանի այս դերը կինոյի պատմության լավագույն դերակատարումներից մեկն է։ Կդիտեք և կհամոզվեք։

Կինոնկարը 1989 թվականին 8 անվանակարգերում ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը և շահել դրանցից չորսում․ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սցենար» և իհարկե «Տղամարդու լավագույն դերակատարում»՝ Դասթին Հոֆմանին։ Տիկնայք և պարոնայք, «Անձրևի մարդը»՝ “Rain Man”:

Եսասեր երիտասարդ Չառլի Բեբբիտը հանկարծ իմանում է, որ իր հանգուցյալ միլիոնատեր հայրը ժառանգությունը թողել է ոչ թե իրեն, այլ աուտիզմով հիվանդ եղբորը՝ Ռեյմոնդին։ Ռեյմոնդն ապրում է հոգեբուժանարում ու նրա գոյության մասին Չառլին նույնիսկ չէր էլ կարող ենթադրել։

Զայրացած Չառլին որոշում է Ռեյմոնդին հիվանդանոցից տուն բերել ու բնակվել նրա հետ մինչև որ ժառանգության կեսը կհասնի իրեն։ Դեեե ․․․ Ռեյմոնդին հարմարվելը սկզբում այդքան էլ հեշտ գործ չէ։ Չնայած ֆենոմենալ հիշողությանը ու մտավոր արտակարգ կարողություններին, նա հոգեպես երեխա է, որն ապրում է իր հորինած աշխարհում՝ խիստ սահմանված ռեժիմով։ Նախաճաշի, ճաշի, ընթրիքի, անգամ քնելու ու արթնանալու ժամերը նրա մոտ հստակ կարգավորված են։ Ու չնայած, որ Ռեյմոնդն այլևս հոգեբուժարանում չէ, գտնվում է եղբոր տանը, միևնույն է պարտաճանաչ հետևեում է սահմանված գրաֆիկին։ Սա իհարկե նյարդայնացնում է Չառլիին և իր ընկերուհուն՝ Սյուզաննային, սակայն վերջինս ինչ-որ պահից սկսած սկսում է կարեկցել Ռեյմոնդին ու նույնիսկ վեճ է ունենում Չառլիի հետ։ Ինչ խոսք, Չառլին սկզբում անտարբերությամբ էր վերաբերվում հարազատ եղբորը, նրան դիտարկում էր միայն որպես կապող օղակ՝ իր և հոր ժառանգության միջև։ Հաճախ  Չառլիի նյարդերը տեղի էին տալիս ու նա կարող էր կոպտել եղբորը։

Տղաները մեքենայով ճամփորդության են գնում դեպի Լոս Անջելես։ Հաա, ի դեպ, Ռեյմոնդը ինքնաթիռ չի նստում․ վախենում է։ Նա համառորեն իրենն է պնդում անգամ ավտոճանապարհին, Չառլին էլ ստիպված հանդուրժում է եղբոր կամակորություններն ու դայակի պես հետևում նրան։ Երկու եղբայրներն աստիճանաբար մտերմանում են ու Չառլին Ռեյմոնդին նույնիսկ պարել է սովորեցնում։ Ինչպես հետագայում բժիշկերն են պարզում, Ռեյմոնդն ունի Սավանտի համախտանիշ ու ֆենոմենալ կերպով կարողանում է հիշել թվերը, վայրկյանների ընթացքում կատարել բարդ հաշվարկներ։ Նրանք միասին գնում են Լաս Վեգաս ու գործի դնելով Ռեյմոնդի ունակությունը խոշոր գումար են շահում խաղատանը։ Չառլին Ռեյմոնդի օգնությամբ կարողանում է դուրս գալ իր ֆինանսական ծանր դրությունից։ Հենց եղբոր շնորհիվ է, որ երիտասարդ բիզնեսմենը նորից վերականգնում է հարաբերությունները Սյուզաննայի հետ։


Պարզվում է, որ ծնողները Ռեյմոնդին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ փոքր տարիքում նա Չառլիիին տաք ջրով այրվածքներ էր հասցրել։ Խոսակցություններից մեկի ժամանակ Չառլին ասում է, որ ոչինչ չի հիշում եղբոր մասին, փոխարենը մանկական իշողություններում տպավորվել է իր երևակայական ընկերը, ում անձրևի մարդ էր անվանում։ Անձրևի մարդը երգում էր և հանգստացնում իրեն, երբ ինքը դեռ շատ փոքր էր։ Շուտով Չառլին գլխի է ընկնում, որ այսպես կոչված անձրևի մարդը հենց իր եղբայր Ռեյմոնդն էր։ Անգլերեն Raymond և Rain Man՝ անձրևի մարդ բառերը շատ նման են հնչում։  Վերջապես իր կյանքում գտնելով եղբորը, Չառլին ուզում է, որ նրանք միասին ապրեն, սակայն խորհրդակցելով բժիշկների հետ, նա համաձայնվում է Ռեյմոնդին տեղափոխել հիվանդանոց, որտեղ վերջինիս համար ավելի հանգիստ և հարմար կլինի։ Ինքն էլ հաճախ կայցելի հիվանդ եղբորը։

Անչափ հուզիչ ու բարի այս ֆիլմն ավելի հուզականորեն ես ընկալում տաղանդավոր կոմպոզիտոր Հանս Ցիմմերի հնչյունների ներքո։ Խորհուրդ եմ տալիս դիտել 2 ժամից մի փոքր ավել տևող «Անձրևի մարդը» ֆիլմը։

Ցուցադրել ավելի
Back to top button