10 րոպե կինոյի մասին

«Կյանքը հիասքանչ է». 10 րոպե կինոյի մասին

Այսօր խոսելու եմ նույնքան հիասքանչ մի ֆիլմի մասին, որքան որ՝ կյանքն է։ “La vita e bella” իտալերեն նշանակում է «Կյանքը հիասքանչ է»։ Հենց այսպես է կոչվում 1997 թվականին Իտալիայում նկարահանված ու աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ դիտողների սրտեր գրաված գեղարվեստական ֆիլմը։ Տրագիկոմեդիայի սցենարի հեղինակը, ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Ռոբերտո Բենինյին է։ Դիտե՞լ եք 2019 թվականի «Ջոջո ճագար» ֆիլմը։ Կարծում եմ, որ «Կյանքը հիասքանչ է» կինոնկարը կարելի է համարել դրա նախատիպը։ Դիտեք, համեմատեք ու, վստահաբար, ոճային նմանություններից բացի, կգտնեք շատ այլ ընդհանրություններ։

Նշեմ, որ Ռոբերտո Բենինյիի ֆիլմը 1998 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է Գրան-պրի մրցանակի։ Նույն տարում ներկայացվել է նաև Օսկարի միանգամից 7 անվանակարգում, որից 3-ում հաղթել է։ Ահա այն անվանակարգերը, որոնց համար ֆիլմը ստացել է ոսկե արձանիկներ․ «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Լավագույն դերասան»՝ Ռոբերտո Բենինյիի տպավորիչ խաղի համար և «Դրամատիկ ֆիլմի լավագույն սաունդթրեք»՝ կոմպոզիտոր Նիկոլա Պիովանիի կախարդական հնչյունների շնորհիվ։

«Սա հասարակ պատմություն է, բայց այն հեշտ չէ պատմել։ Այնտեղ, ինչպես հեքիաթում, շատ է վիշտը, և, որպես հեքիաթ`այն լիքն է հրաշքներով և երջանկությամբ…»․ ահա այս խոսքերով է սկսում ֆիլմը փոքրիկ Ժոզեն։

Եվ այսպես, Իտալիա, 1939 թվական։ Գվիդոն ընկերոջ՝ Ֆերուչչոյի հետ գյուղից գալիս է քաղաք իր քեռուն պատկանող Գրանդ հյուրանոցում մատուցող աշխատելու համար։ Նա ուզում է քաղաքում նաև մի փոքրիկ գրախանութ բացել, ինչի համար սակայն թույլտվության դիմումի տակ ստորագրություն է անհրաժեշտ։ Ընկնելով տարբեր զավեշտալի պատմությունների մեջ՝ Գվիդոն ծանոթանում է մի աղջկա հետ։ Վերջինս մեղվի խայթոցի պատճառով կտուրից ընկնում է ուղիղ Գվիդոյի վրա, որն էլ փրկում է նրան ու անվանում «արքայադուստր»։ Արեցոյի փողոցներով մի պաշտոնյայից փախչելիս Գվիդոն պատահաբար հեծանվով բախվում և ընկնում է Դորայի վրա։ Այո, ճիշտ կռահեցիք, Դորան հենց «իր արքայադուստրն» էր։ Ինչ խենթություններ ասես, որ չի անում Գվիդոն Դորայի համար։ Նախ իմանում է, որ աղջիկը դպրոցում ուսուցչուհի է աշխատում, ապա նախարարությունից ժամանած մի պաշտոնյայի ուշադրությունն է շեղում ու նրա փոխարեն որպես տեսուչ ներկայանում դպրոց։ Շատ զվարճալի տեսարան է։

Ֆիլմի հենց սկզբի որոշ դրվագներում արդեն երևում են այն ժամանակվա Իտալիայում ֆաշիստական ուղղվածության տարրերը։ Հռոմից ժամանած մարդը պետք է երեխաներին բացատրեր իրենց բարձր ռասայի մասին։ Սակայն Գվիդոն երեխաների մոտ հայտնվելով՝ ծաղրում է ռասայական խտրականությունը։ Ի վերջո նա գրավում է Դորայի սիրտը ու նրանք ամուսնանում են։ Ի դեպ, Գվիդոյի կնոջ դերում հանդես է եկել հենց Բենինյիի կինը՝ Նիկոլետա Բրասկին։

Սա ֆիլմի ծիծաղելի ու թեթև առաջին մասն է, այնուհետև սկսվում է իրական ողբերգությունը։ Գվիդոն և արդեն իր կինը՝ Դորան, իրենց տղայի՝ փոքրիկ Ժոզեի հետ ապրում են երջանիկ կյանքով։ Դորան, ինչպես նախկինում, աշխատում է դպրոցում, իսկ Գվիդոն գրենական պիտույքների և գրքերի խանութ է բացել։ Բայց, աստիճանաբար, երկրում հրեաների նկատմամբ արհամարհանքն ավելի բացահայտ է դառնում։ Որոշ խանութների վրա հայտնվում են գրություններ հետևյալ բովանդակությամբ՝ «հրեանարի և շների մուտքն արգելվում է»։

Ժոզեի ծննդյան օրը ոստիկանները հրեաներին հավաքում ու նստեցնում են գնացք։ Տուն վերադառնալու ճանապարհին Դորան գնացքում տեսնում է նաև իր ամուսնուն ու որդուն։ Գնում է կայարան և մի գերմանացի պաշտոնյայի ասում, որ իրեն նույնպես տանեն։ Բոլորին տանում են գերմանական համակենտրոնացման ճամբարներ։

Ճանապարհին Գվիդոն Ժոզեին համոզում է, որ նրա ծննդյան կապակցությամբ գնում են խաղ խաղալու, որտեղ հաղթողը կստանա իսկական տանկ։ Ժոզեն հավատում է հորը և ամբողջ ընթացքում հետևում է հոր հրահանգներին։ «Խաղում» հաղթելու համար Ժոզեից պահանջվում էր թաքնվել զինվորներից, չլացել, հաց չուզել։ Իսկ խաղի վերջում հաղթելու էր այն մասնակիցը, ով կհավաքեր 1000 միավոր։

Ճամբարում բոլոր առողջ տղամարդկանց տաժանակիր աշխատանքների են տանում, կանանց էլ աշխատեցնում իրենց հարմար գործերով։ Այդ ընթացքում Ժոզեն թաքնվում է տղամարդկանց քնելավայրում, իսկ Գվիդոն, ամեն երեկո գործից վերադառնալով, Ժոզեին պատմում է իր «խաղացած խաղերի» և վաստակած միավորների մասին։

Այդ անելանելի ու ծանր վիճակում, երբ Գվիդոն տեսնում է, որ կողքին գտնվող տարեցներին սպանում են ու, ի վերջո, նույն ճակատագրին էլ ինքն է արժանանալու, գործի դնելով երևակայությունը, այնպես է խաղում, որ որդին՝ Ժոզեն, ոչինչ չկասկածի։ Եվ Ժոզեն ոչինչ չի էլ կասկածում, և այս ողջ մղձավանջը նրան մի զվարճալի խաղ է թվում։

Ճիշտ չի լինի, եթե հիմա պատմեմ ամբողջ ֆիլմը ու հատկապես՝ վերջաբանը։ Կարծում եմ, որ պատմածս արդեն հետաքրքրեց ձեզ, իսկ այն դիտելուց հետո, ուղղակի համոզված եմ, որ շատ եք հավանելու։ Միայն ավելացնեմ, որ փոքրիկ Ժոզեն մինչև վերջ գլխի չի ընկնում, որ կատարվածը խաղ չէր, ու ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես փրկվում է հենց հոր հնարամտության շնորհիվ։ Բարի ու մաքուր սուտ՝ հանուն փրկության։

Օսկար մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմը հայտարարելու պահին Բենինյին ուրախությունից բարձրանում է տեղից և դեպի բեմ է գնում աթոռների թիկնակների վրայով: Բենինյին վազում է դեպի բեմը, ճանապարհին սալտո տալով և աստիճաններին թռչկոտելով։ Ի դեպ, Ռոբերտո Բենինյին երկրորդ իտալացի դերասանն է, ով ստացել է Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ Առաջինը եղել է իտալացի հայտնի դերասանուհի Սոֆի Լորենը։

Դերասան-ռեժիսորը հարցազրույցներից մեկում պատմել է․ «Ֆիլմի սցենարի միտքն առաջացել է, երբ դեռ փոքր էի, իհարկե անգիտակցաբար։ Բանն այն է, որ հայրս պարտիզաններին օգնելու պատճառով ընկել է համակենտրոնացման ճամբար և այնտեղ անցկացրել 2 տարի։ Նա պատմում էր ինձ և քրոջս իր վերապրածի մասին, և մենք լաց էինք լինում։ Հետո մայրս ասաց նրան, որ չհամարձակվի տանջել մեզ, ու նա սկսեց այդ ամենի մասին պատմել հումորով։ Երևում էր, որ նա չէր կարողանում մոռանալ այդ ամենը, սակայն հիշողություններն ավելի թեթև տանելու ձևը գտավ։ Ես հաճախ էի հիշում դրա մասին սցենարի համահեղինակ Վինչենցո Չերամիի հետ խոսելիս և աստիճանաբար հասունացավ այս ֆիլմը»։ Ըստ Բենինիյիի՝ ինքը ֆիլմի վերնագիրը վերցրել է Լև Տրոցկիի հիշողություններից։ Նրա գիրքը վերջանում է «Կյանքը հիասքանչ է» բառերով։

Նշեմ, որ չնայած հանդիաստեսի սիրուն ու բազմաթիվ մրցանակներին, ֆիլմն արժանացել է նաև քննադատությունների, այդ թվում՝ հրեական հոլոքոստի թեմայով նկարահանված «Շինդլերի ցուցակը» ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից։ Նախքան ֆիլմը նկարահանելը, Բենինյիին շատերն են համոզել, որպեսզի հրաժարվի Հոլոքոստի մասին կատակերգություն նկարելուց։ Սակայն տաղանդավոր իտալացին արեց դա, ու ֆիլմն իսկապես մտավ պատմության մեջ։

Արցունքի ու ցավի միջից ժպտալու ու ժպիտ պարգևելու հայրական աներևակայելի ուժի մասին է 1 ժամ 57 րոպե տևողությամբ «Կյանքը հիասքանչ է» ֆիլմը, որը նախատեսված է 12 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ Ձեզ բարի դիտում:

Ցուցադրել ավելի
Back to top button