Մեկամյա անվճար դասընթաց 14-16 տարեկան պատանիների համար

Մի լուր բոլոր այն պատանիների համար, ովքեր ուզում են Android օպերացիոն համակարգի համար ծրագրեր գրել սովորել։ UWC Դիլիջանի դպրոցում Սամսունգի ինովացիոն կամպուսը մեկնարկում է «Բջջային հավելվածներ՝ անդրոիդի համար» ծրագրի նոր փուլը։ Ուսուցումն անվճար է։
«Սամսունգի ինովացիոն կամպուս» ծրագրի ղեկավար Վարդան Ավագյան — «2022 թվականի մարտից մեկնարկել է «Բջջային հավելվածներ՝ անդրոիդի համար» ծրագրավորման մեկամյա դասընթացը, որին մասնակցում են 40 պատանիներ։ Նրանք գրանցում են բավականին տպավորիչ արդյունքներ։ Այս պահին կատարում ենք ընդունելություն ծրագրի 60 տեղերի համար, որին կարող են դիմել 14-16 տարեկան տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված պատանիներ։ Անհրաժեշտ է գրանցվել samsungcampus.uwcdilijan.am կայքում և հանձնել առցանց թեստ։ Այն դիմորդները, ովքեր կհաղթահարեն թեստը, կհրավիրվեն առցանց հարցազրույցի։ Թեստի և հարցազրույցի արդյունքներով կընտրվեն 60 մասնակիցները։ Դասերը հիմնականում անցկացվում են հայերենով, բայց ուսումնական նյութերը ռուսերեն են, ուստի լեզվի իմացությունը նույնպես կարևոր է»։
Ծրագիրը տևում է 1 ակադեմիական տարի։ Դասերն անկացվում են շաբաթ կամ կիրակի օրերին UWC Դիլիջանի դպրոցում՝ Սամսունգի ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում։ Անվճար կազմակերպվելու են նաև սովորողների ուղևորափոխադրումները Երևանից, Գյումրիից, Վանաձորից ու Տավուշի մարզից՝ դեպի Դիլիջան։
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 15-ն է, իսկ դասերը կմեկնարկեն սեպտեմբերից։
«Կոչ եմ անում մեր պատանիներին բաց չթողնել այս հնարավորությունը, դիմել և դառնալ պահանջված այս դասընթացի մասնակիցը» — ավելացնում է Վարդան Ավագյանը։