Զարթուցիչ

Ինչպե՞ս ավելի հետաքրքիր դարձնել օրը և չձանձրանալ․ Զարթուցիչ

Ինչպե՞ս ավելի հետաքրքիր դարձնել օրը և չձանձրանալ։ Արձակուրդի ընթացքում շատերս ենք այս հարցն ինքներս մեզ տալիս և ժամանցի հետաքրքիր տարբերակներ փնտրում։ Եթե ստացվում է արագ ինչ-որ բան մտածել ու նախաձեռնել, ուրախ օրն ապահովված է։ Իսկ եթե ոչ, ահա մի քանի տարբերակ, որոնք կօգնեն անգամ տանը չձանձրանալ և օրը լավ անցկացնել։

Սկսենք ֆիլմերից։ Սովորաբար ֆիլմեր ու լիամետրաժ մուլտֆիլմեր դիտելու համար պետք է մեկուկեսից երկու ժամ ազատ ժամանակ ունենանք։ Երբ դպրոց ենք գնում, այդ ժամանակը երբեմն դժվար է գտնել։ Իսկ արձակուրդի օրերին ոչինչ մեզ չի խանգարում համացանցից հետաքրքիր մի ֆիլմ գտնել ու դիտել։ Հատկապես օրվա շոգ ժամերին այս տարբերակը կարծում ենք հարմար է։

Սիրու՞մ եք նկարել։ Եթե այո, վերցրեք ձեր թղթերն ու ներկերը և մոտակա այգում մեկ, երկու ժամ նկարեք։ Ժամանակն էլ ավելի հետաքրքիր կանցնի, եթե ձեր նկարիչ ընկերներին էլ առաջարկեք ձեզ հետ գալ։ Ընթացքում նաև կզրուցեք և խոտերին պառկած պաղպաղակ կուտեք։

Օրվա ընթացքում մեկից երկու ժամ կարելի է տրամադրել նաև ընթերցանությանը։ Ձեր գրապահարանում հաստատ կան, գրքեր որոնք սպասում են, որ իրենց քո ձեռքը վերցնես ու հետաքրքիր պատմություններ իմանաս։ Չմոռանանք, որ գիրքը հարստացնում է նաև մեր բառապաշարը և օգնում մեր խոսքն ավելի պատկերավոր դարձնել։

Ֆիլմեր, նկարչություն, գրքեր ու նաև բակային խաղեր, որն ամռան արձակուրդին շատերիս սիրելի զբաղմունքներից է։ Հաճախ մեծահասակներն ասում են՝ էլ ի՞նչ բակ, որ երեխաների աշխույժ խաղերից և ուրախ ճիչերից չզրնգա։ Մեր օրերում, սակայն, համակարգչային խաղերը որոշ չափով ստվերում են թողել բակային խաղերը։ Զարթուցիչի թղթակից Լիլիթ Զերոյանը փորձել է պարզել՝ որքանո՞վ են պահպանվում բակային խաղերը երեխաների շրջանում և ի՞նչ խաղեր են նրանք խաղում։

Իսկ հաղորդման վերջին րոպեներն անցկացնելու ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրն է և այդ առթիվ Զարթուցիչի թղթակիցներ՝ Սեդան, Մարին և Սյուզին այցելել են թանգարան և հետաքրքիր ձայնագրություններ են արել։

Ցուցադրել ավելի
Back to top button