Լուրեր

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։

Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարի մեծաթիվ դիմորդներից նախընտրական փուլը հաղթահարել և առաջին փուլին մասնակցելու են 19 թավջութակահարներ տարբեր երկրներից՝ Հայաստան, Բելգիա, Ռուսաստան, Վենեսուելա, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Չինաստան, Ռումինիա, Մոլդովա, Բելառուս, Շվեյցարիա, Իսպանիա և Իտալիա:

Խաչատրյանական մրցույթը բաղկացած է երեք փուլից. հունիսի 7-ին և 8-ին կկայանա մրցույթի առաջին փուլը, հունիսի 9-ին և 10-ին՝ երկրորդ փուլը, հունիսի 11-ին և 12-ին՝ երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Արդյունքները կամփոփվեն և կհայտարարվեն հունիսի 13-ին՝ մրցույթի փակման պաշտոնական արարողության ընթացքում։ Երկրորդ և երրորդ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Խաչատրյանի ստեղծագործություններից։

Մրցույթի առաջին մրցանակակիրը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի, երկրորդ տեղը զբաղեցնող մասնակիցը կստանա 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մրցանակ, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնող մասնակիցը կպարգևատրվի 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ, որոնց մասին կհայտարարվի մրցույթի փակման արարողության ժամանակ։

Խաչատրյանական մրցույթն անցկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button