Լուրեր

Պրահայի խաղալիքների թանգարանի մասին

Ինչպես են ստեղծվում թանգարանները։ Պարզ է, որ դրա համար մեծ ջանք, համախոհ մարդկանց համատեղ ծրագրեր, աշխատանք, միջոցներ, ժամանակ և շատ այլ պայմաններ են պետք։ Բայց լինում  է նաև, որ գաղափարը ծնվում է մեկ մարդու գլխում պատահական մի առիթով և հենց այդ մեկ մարդն էլ սկսում է այն իրագործել։

Պրահայի խաղալիքների թանգարանը հենց այդպես ստեղծվեց։ Կինոռեժիսոր Իվան Շտայգերին իր ֆիլմի նկարահանման ժամանակ պետք եկավ մի ավտոմոբիլի փոքրացված մոդելը։ Շտայգերն սկսեց մոդելի որոնումները, և ինքն իր համար հայտնաբերեց, որ իրեն հետաքրքրում են խաղալիքները։

Այդ տարիներին նա ապրում էր Մյունխենում։ Շտայգերն անցնում էր հին իրերի շուկաներով, փնտրում ու գտնում խաղալիքների հազվագյուտ, հին ու հնաոճ նմուշներ, դրանք հավաքում տանը։ Քաղաքի իշխանությունները 1989 թվականին հին քաղաքապետարանի աշտարակում նրան 4 հարկ հատկացրին, որտեղ էլ ռեժիսորը բացեց իր առաջին ցուցադրությունը։ 2005 թվականին Շտայգերն իր  հավաքածուն տեղափոխեց Պրահա։

Հավաքածուի հիմնական մասն են կազմում 19–րդ դարավերջի և 20–րդ դարասկզբի ցուցանմուշները։ Բայց այստեղ կան նաև տարբեր ժամանակաշրջանների հազվագյուտ նմուշ–խաղալիքներ․ մոտ 200 տարեկան տնակներ, տիկնիկներ, արջուկներ, զինվորներ, հինհռոմեական ու եգիպտական խաղալիքներ, անգամ 2000–ամյա մի նմուշ․ տիկնիկ՝ հացի խմորից ծեփված։

Թանգարանի ողջ երկրորդ հարկը Բարբիի թագավորությունն է։ Ընդ որում այստեղ է գտնվում նաև Բարբի տիկնիկի 1959 թվականին ստեղծված առաջին օրինակը։

Հատուկ մի ցուցափեղկում էլ տոնածառի տարբեր տարիքի խաղալիքներ ու զարդարանքներն են հավաքվել և շողշողալով պատմում են հին–հին ժամանակների Նոր տարիների մասին։

Թանգարանը 11 սրահ ունի, որոնցից մեկն էլ նվիրված է «մասնագիտություն–խաղերին»՝ խաղալիք–դարբնոց, հացաթխման գործարան, կարի արտադրամաս ու էլի շատ հրաշքներ և այս ամենը՝ խաղալիք․․․

Թանգարանի մոտ 5000 նմուշները պարզապես խաղալիքներ չեն․ ուշադիր դիտողը դրանց օգնությամբ նաև մարդկության պատմության տարբեր դարաշրջաններին, կենցաղային մշակույթին ու հավատալիքներին կարող է ծանոթանալ։ Այնպես որ՝ այստեղ էլ է ապրում  պատմությունը, բայց՝ յուրովի։

Ցուցադրել ավելի
Back to top button