10 րոպե կինոյի մասին

«Վճարիր ուրիշին»․10 րոպե կինոյի մասին

Ֆիլմը, որի մասին այսօր պատմելու եմ, կոչվում է «Վճարիր ուրիշին»։ Այն նկարհանվել է Քեթրին Ռանան Հայդի համանուն վեպի հիման վրա։ Ժանրը՝ դրամա։ 2000 թվականին ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմում խաղում են Քևին Սփեյսին, Հելեն Հանթը, Ջեյմս Քևիզեյը և այլ դերասաններ։ Ռեժիսորը Միմի Լեդերն է, ով հայտնի է տարբեր սերիալներում իր աշխատանքով։

Ի՞նչ կառաջարկեիք դուք, եթե դպրոցում ուսուցիչը հանձնարարեր հորինել աշխարհը փոխելու միջոց։ Ունե՞ք տարբերակներ։ «Վճարիր ուրիշին» ֆիլմում աշակերտների կողմից հնչում է մի այսպիսի գաղափար․ համացանցում չինարենով կայք ստեղծել ու առաջարկել բոլոր չինացիներին նույն պահին ցատկել, որպեսզի Երկրի առանցքը տեղաշարժվի։ Չգիտեմ որքանով է իրագործելի, ամեն դեպքում անսովոր տարբերակ է։

Սակայն յոթերորդ դասարանցի Թրևր Մաքկինին սկզբունքորեն այլ մոտեցում է ներկայացնում առաջադրված խնդրին։ Աշխարհը փոխող նրա մտահղացումը հետևյալն է․ օգնել երեք օտար մարդու՝ պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին պետք է օգնի երեք այլ մարդու։ Տեսականորեն, բարի մարդկանց թիվը երկրաչափական պրոգրեսիայով պետք է որ աճի։ Պատմությունը հենց այս տղայի մասին է։

Թրևր Մաքկինին ապրում է ալկոհոլային կախվածություն ունեցող մոր հետ, ով նաև, միաժամանակ երկու տեղ աշխատելով, փորձում է այսպես ասած «ծայրը ծայրին հասցնել»։ Տղան շատ է ուզում մտերմանալ մոր հետ, ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, լավ հարաբերություններ ունենալ նրա հետ, բայց յուրաքանչյուր նման փորձ բերում է հերթական բախման։

Մեկնարկում է նոր ուսումնասկան տարին։ Դպրոց է գալիս հասարակագիտության նոր ուսուցիչ՝ պարոն Յուջին Սիմոնետը ու հենց առաջին դասին խոսում մարդկանց և աշխարհի մասին։ Այդ ժամանակ էլ տալիս է այս հետաքրքիր առաջադրանքը։

Թրևրը սկսում է աշխատել իր գաղափարի իրագործման շուրջ։ Որպես իր փորձի առաջին «օբյեկտ» նա ընտրում է մի թափառաշրջիկ-թմրամոլի, որին բերում է տուն, կերակրում է և քնելու տեղ տալիս։ Թրևրի մայրը շատ է վրդովվում որդու արարքից և գնում է դպրոց, պարզելու, թե ով է Թրևրին նման «հիմար առաջադրանք» տվել։ Արդյունքում մայրը՝ Առլինը, ծանոթանում է Յուջինի հետ, ով էլ դառնում է Թրևրի փորձի երկրորդ «օբյեկտը»։ Պատանին որոշում է անձնական հարաբերություններ ստեղծել մոր և Յուջինի միջև, որոնք այն մարդիկ են, ում սիրում էր։ Նա Յուջինին նամակ է փոխանցում իբր թե մոր կողմից, իսկ իրականում դրա հեղինակը հենց ինքն էր, ու հրավիրում է ուսուցչին իրենց տուն։ Տանը պարզվում է, որ նամակը գրել է Թրևրը։ Մայրը բարկանում է որդու վրա և հարվածում նրան։ Թրևրը փախչում է տնից։ Առլինը ստիպված դիմում է Յուջինի օգնությանը, և միասին տղային գտնում են օդանավակայանում։ Մայրը հաշտվում է Թրևրի հետ։

Որպես իր ծրագրի երրորդ «օբյեկտ» Թրևրն ընտրում է համադասարանցուն, ում ծաղրում են դպրոցի մյուս երեխաները։ Սակայն տղայի ծրագիրը ոչնչանում է հենց իր աչքի առաջ․ թմրամոլը խորտակում է իր կյանքը, մոր և Յուջինի հարաբերությունները չեն ստացվում, նրանք անընդհատ վիճում են, իսկ համադասարանցուն Թրևրը վախենում է պաշտպանել։

Ի վերջո «Վճարիր ուրիշին» գաղափարը Թրևրի մոր և տատիկի միջոցով տարածվում է այլ քաղաքներում։ Այն հասնում է մի լրագրողի, ով ավտովթարից հետո մի անծանոթի կողմից թանկարժեք «Յագուար» էր նվեր ստացել։ Նրան հետաքրքրում է փոխադարձության գաղափարն ու նա սկսում է սեփական հետաքննությունը՝ քիչ–քիչ մոտենալով գաղափարի հեղինակին՝ Թրևրին։ Դրա համար նա ճանապարհորդություն է կատարում Լոս Անջելեսից դեպի Լաս Վեգաս, որտեղի դպրոցում էլ հարցազրույց է վերցնում Թրևրից։ Երեխայի խորիմաստ մենախոսությունը լսում են նաև իր մայրը և ուսուցիչը։ Յուջինն այնքան է ոգևորվում տղայի խոսքերից, որ որոշում է հաղթահարել իր սեփական անվճռականությունը և Առլինին առաջարկություն է անում։

Թե ինչ է լինում հետո, չեմ պատմի։ Հուզիչ, տխուր, բայց կարևոր ասելիքով 2 ժամ է սպասվում 16 տարեկանից բարձր հանդիսատեսին։

Կարո՞ղ է արդյոք մի գաղափարը փոխել աշխարհը։ Այո, կյանքում ոչ մի բարի ու լավ գործ չի կորչում, և եթե ամեն մեկս մեր ուժերի չափով որևէ դրական բան անենք, այն անպայման ինչ-որ մի տեղ, ինչ-որ ձևով աշխարհը ավելի լավը կդարձնի։ Ի դեպ, ֆիլմի հաջողությունից հետո իրական կյանքում տարածվել է բարեգործական համանուն շարժում-հիմնադրամը։

Համացանցում գտեք «Վճարիր ուրիշին» գեղարվեստական ֆիլմն ու կազմակերպեք առաջիկա հանգստյան օրվա ձեր ընտանեկան կինոդիտումը։ Բարի դիտում եմ մաղթում։

Ցուցադրել ավելի
Back to top button