Հայկական ստարտափները «VivaTech-2022»-ի «ARMENIA» միասնական տաղավարի ներքո

Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական պատվիրակությունը, որի կազմում են ոլորտային 9 ստարտափներ, ցուցահանդեսին մասնակցում են «ARMENIA» միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափներ միջոցառմանը մասնակցում են, որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների և ներդրողների ուշադրությունը, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների հետ։
«VivaTech-2022»-ի թվային հարթակը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանը, ուղիղ կապի (live) ռեժիմով հասանելի է https://vivatechnology.com/ կայքում: Ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչները աշխարհի տարբեր անկյուններից, ունենալով հաշիվ VivaTech-ի թվային հարթակում, կարող են ծանոթանալ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին, նախաձեռնություններին, նորարարություններին, ինչպես նաև՝ միջոցառման մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին: Վերջիններս, հնարավոր փոխշահավետ համագործակցության նպատակով, կարող են կապ հաստատել մեր ստարտափների հետ, հարցեր ուղղել, հանդիպումներ նշանակել:
«VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսը կշարունակվի մինչ հունիսի 18-ը։