Ո՞վ էր իրականում բարոն Մյունհաուզենը

Պարզվում է՝ բարոն Մյունհաուզենը հորինված կերպար չէ։ Կարլ Ֆրիդրիխ բարոն ֆոն Մյունհաուզենը ծնվել է 1720 թվականի մայիսի 11–ին Հաննովերից ոչ հեռու գտնվող Բորդենվերդեր կալվածքում։
Մյունհաուզենների տոհմը հայտնի էր իր քաջ ու անձնազոհ զինվորներով։ Ինքը՝ մեզ հայտնի բարոնն էլ, 1735 թվականին իր կարիերան սկսեց հերցոգներից մեկի շքախմբում ծառայության անցնելով։
Երեք տարի անց նրան արքայազն Անտոն Ուլրիխի շքախմբի հետ ուղարկեցին Ռուսաստան, և ահա այստեղ էլ բարոնի կյանքում տեղի ունեցան արկածներ, որոնց մասին տունդարձից հետո նա սկսեց պատմել։ Անհավանական պատմություններ էին դրանք, և զարմանալի չէր, որ նրան քչերն էին հավատում։
Բարոնի անվան հետ ավելի ու ավելի հաճախ սկսեցին օգտագործել վիրավորական մականուններ՝ բարոն–ստախոս, ստախոսների արքա, իսկ տաղավարը, որտեղ բարոնը հյուրընկալում էր ընկերներին ու զբաղեցնում նրանց իր արկածների մասին հիշողություններով, անվանեցին «ստի տաղավար»։
Բայց․․․ժամանակ անցավ և պարզվեց, որ հենց բարոն Մյունհաուզենն է այն մարդը, որը արժանի է թե՛ հուշարձան և թե՛ թանգարան ունենալու։ Հայրենի քաղաքում նրա տան կողքին հիմա բարոն Մյունհաուզենի արձանն է կանգնած, իսկ տունը դարձել է թանգարան, որտեղ անպայման ուզում են թեկուզ մեկ անգամ ոտք դնել քաղաքի բոլոր հյուրերը։