10 րոպե կինոյի մասին

«Երկու եղբայր»․ 10 րոպե կինոյի մասին

Այսօր պատմելու եմ 2004 թվականին նկարահանված Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության մի արկածային դրամայի մասին։ Ֆիլմի վերնագիրն է՝ «Երկու եղբայր» և այն իսկապես պատմում է 2 եղբոր մասին, միայն թե նրանք մարդ չեն․ բա ի՞նչ են, երևի կհարցնեք դուք։ Վագրեր են, որոնք իրարից բաժանվել են մարդկանց պատճառով ու դարձել մենամարտի կենդանիներ։ Ֆիլմի ռեժիսորը Ժան-Ժակ Աննոն է, կոմպոզիտորը՝ Սթիվեն Ուորբեքը։

Հնդկաչին թերակղզի, 1930-ական թվականներ։ Ջունգլիների խորքերում՝ հինավուրց շքեղ ավերակների մոտ, ծնվում են վագրի երկու ձագ։ Եղբայրներն ապրում են անհոգ կյանքով, մինչև այն պահը, երբ մարդիկ բռնում ու բաժանում են նրանց միմյանցից։ Եղբայրներից մեկը, որին հետագայում Կումալ են անվանում, բռնվում ու վաճառվում է կրկեսին։ Մյուս եղբայրը՝ Սանգհան, որոշ ժամանակ մնում է մոր մոտ, բայց երբ որսորդները հետապնդում են նրանց ու քիչ է մնում, որ սպանեն մայր վագրին, ձագը թաքնվում է, ապա նրան գտնում է մի տղա։ Կհավատաք թե ոչ, վագրը դառնում է տղայի ընտանի կենդանին։

Օրերից մի օր որոշվում է փառատոն անցկացնել, որի ժամանակ էլ միմյանց դեմ կռվի համար դաշտում են հայտնվում երկու վագրերը։ Եղբայրները ճանաչում են միմյանց ու կռվելու փոխարեն սկսում են խաղալ։ Սա զայրացնում է կազմակերպիչներին, որոնք ուզում էին գումար աշխատել։ Կենդանիների հրահանգիչը փորձում է խանգարել վագրերին խաղալ, սակայն, երբ նա բացում է վանդակը, վագր-եղբայրները կարողանում են վախեցնել նրան և փախչել։ Ֆիլմի վերջում եղբայրները վերադառնում են ջունգլիներ, որտեղ ժամանակին մեծացել են ու հանդիպում են իրենց մորը։

Անտուան դը Սենտ –Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանից հայտնի «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել են» արտահայտությունը կարող ենք վերախմբագրել․ «Մենք պատասխանատու ենք նաև նրանց համար, ում չենք կարող ընտելացնել»։ Ֆիլմի վերջաբանում նշվում է, որ ներկայումս Հնդկաչինում 5000-ից էլ քիչ վագր է մնացել։

Բարի և հուզիչ այս ֆիլմը տեղ-տեղ լարված է պահում դիտողին։ Օրինակ հենց կռվի տեսարանից առաջ․ արդյո՞ք եղբայրները կճանաչեն իրար։ Չէ, որ երկար ժամանակ է անցել, նրանք առանձին են մեծացել, իսկ այժմ էլ մարդկանց կողմից հորիվնած կանոնների համաձայն պիտի կռվեն միմյանց դեմ։ Փաստորեն այո, ճանաչեցին։ Զարմանալի բան է բնությունը, նույնքան, որքան որ հիասքանչ է իր գեղեցկությամբ։ Միայն թե մարդիկ են իրենց երբեմն անմիտ, երբեմն էլ չար արարքներով խախտում կենդանի աշխարհի ներդաշնակ կյանքը։ Կումալ և Սանգհա վագրերը ընկերության, սիրո ու որքան էլ որ տարօրինակ հնչի, մարդկայնության դաս են տալիս մարդկանց։

Ի դեպ, մի հետաքրքիր փաստ ասեմ։ Ֆիլմի նկարահանումներին մոտ 30 իրական վագր է ներգրավված եղել։ Նրանց մի մասը Ֆրանսիայի կենդանաբանական այգիներից են, մյուսներն էլ բերվել են Թայլանդից։

Առաջարկում եմ առաջիկա հանգստյան օրերին հավաքվել ընտանիքով ու դիտել 1 ժամ 49 րոպե տևողությամբ «Երկու եղբայր» ֆիլմը։ Այն նախատեսված է 12 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button