Զարթուցիչ

Ի՞նչ տեղավորել ճամփորդական ուսապարկում․ Զարթուցիչ

Շատ շոգ է, իսկ շոգից փրկվելու լավագույն տարբերակը, ինչպես ամեն տարի, մնում է ընտանիքի կամ ընկերների հետ զով տեղեր գնալը։ Դպրոցական էքսկուրսիաները գոնե մեկ օրով շոգից փախչելու հնարավորություն են․ չէ՞ որ երթուղին ընտրելիս անպայման զով վայրեր ենք փնտրում, բնության այնպիսի անկյուններ, որտեղ գոնե մեկ առվակ լինի, անտառի թեկուզ փոքր մի հատված, իսկ եթե լեռնային վայր է, ուրեմն զով քամին կա ու կա։ Մեր հայրենիքը բնական այնպիսի բազմազանությունների երկիր է, որ ցանկության դեպքում անգամ ձյան շերտերի կարելի է հասնել, այնպես որ՝ կարևորը երթուղին ճիշտ ընտրելն է։

Ի դեպ, ցանկացած ուղևորության նախապատրաստվելը հաճելի գործ է, իսկ ճամփորդական ուսապարկում իրեր տեղավորելն էլ որոշակի գիտելիք է պահանջում։

–ուսապարկը պետք է ծանր չլինի․ միայն անհրաժեշտ իրեր․․․

–անպայման վերցնում ենք ջուր, իսկ ծանրամարս, արագ փչացող, յուղոտ ուտելիք՝ ոչ մի դեպքում․․․չոր թխվածքաբլիթի մեկ տուփը լրիվ բավական է․․․

–տաք վերնազգեստ ենք վերցնում անպայման․ հնարավոր է այնքան զով վայրում հայտնվենք, որ սկսենք ամառվա կեսին տաք թեյ երազել․․․

–կպչուն սպեղանի՝ հնարավոր վերքերի դեպքում, ախտահանող հեղուկ, անձեռոցիկ՝ թե՛ խոնավ և թե՛ չոր․․․

–արևապաշտպան գլխարկ, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ դրա կարիքը չեք զգալու․․․

–ընդհանուր նշանակության հակաալերգիկ որևէ միջոց ունեցեք ձեր ուսապարկում, իհարկե, մայրիկի հետ խորհրդակցելով․ չէ՞ որ բնության գրկում կարող են անսպասելի հանդիպումներ լինել անծանոթ միջատների հետ, որոնք ձեզ կամ ձեր ընկերներին ուրախությունից, որ իրենց հյուր եք գնացել, մեկ էլ տեսար՝ խայթեցին, իսկ ձեր օրգանիզմը ոչ թե սովորական, այլ տարօրինակ արձագանքեց այդ խայթոցին․ այտուց, տհաճ զգացողություն․ այդպիսի դեպքերի համար են այդ պարզ հակաալերգիկ միջոցները։

–և մի բան, որ ուսապարկի հետ կապ չունի․ բնության գրկում էքսկուրսիա գնալիս աշխատեք ճիշտ հագուստ հագնել, որ քայլելը հարմար լինի, մագլցելը՝ նույնպես, ոտքերն էլ պաշտպանված լինեն մոծակների խայթոցից ու մացառների ճանկռտոցից․ սովորական թեթև երկարափողք տաբատը այս դեպքում լավագույն տարբերակն է․․․

Ձեզ՝ բարի ճանապարհ, եթե հենց այսօր եք գնալու արշավի։

Ցուցադրել ավելի
Back to top button