10 րոպե կինոյի մասին

«Արևելյան քամի»․ 10 րոպե կինոյի մասին

Այսօր պատմելու եմ գերմանական արտադրության մի արկածային ֆիլմի մասին։ Կոչվում է «Արևելյան քամի», գերմաներեն՝ “Ostwind”, անգլերեն տարբերակում՝ “Windstorm”: 2013 թվականին նկարահանված ընտանեկան դրամայի ռեժիսորը Կատյա ֆոն Գառնյեն է։ «Արևելյան քամին» սիրո խոստովանությունն է մայր բնությանն ու այնպիսի ազնվացեղ ու հավատարիմ կենդանիների, ինչպիսիք ձիերն են։ Ֆիլմը պատմում է մի աշակերտուհու մասին, որը հանկարծ բացահայտում է ձիերին զգալու և հասկանալու իր բացառիկ կարողությունը, որն էլ փոխում է նրա, ինչպես նաև Օսթվինդի՝ ազնվացեղ ու ազատասեր ձիու կյանքը։ Ձի, որն իր մեջքին հանդուրժում է միայն նրան, ով հասկանում ու սիրում է իրեն, այլ ոչ թե հրամայում…..

Գլխավոր հերոսուհին դպրոցական Միկա Շվարցն է, ում համար ուսումնական տարին մեղմ ասած լավ ավարտ չի ունեցել։ Աղջկա խիստ ծնողները, որոնք ֆիզկոսներ են, որոշում են արգելել նրան ընկերուհու հետ ամառային ճամբար գնալ ու փոխարենն ուղարկում են տատիկի մոտ։ Մարիա տատիկի Կալտենբախ կոչվող ագարակի մոտ է գտնվում նաև համանուն ձիասպորտի ակումբը։ Թվում է թե Միկան ամբողջ ամառ պետք է պարապի, կարդա ու դաս սովորի։ Ու՞մ է թվում․․․ հաա, երևի միայն ծնողներին։ Իսկ աղջիկն այստեղ ծանոթանում է Օսթվինդ անունով մի ձիու հետ, որին բոլորը համարում են աննկուն, դաժան ու պարզապես վտանգավոր։ Այս համբավը կենդանին ձեռք էր բերել տարիներ առաջ, երբ հարվածել էր Միկայի տատիկին, ինչի հետևանքով վերջինս դարձել էր հաշմանդամ։ Նախկինում երբեք ձիերով չհետաքրքրված աղջիկն արագ լեզու է գտնում Օսթվինդի հետ, ծանոթանում է նաև Սեմ անունով մի երիտասարդի հետ։ Սեմի ձիավարության նախկին մարզիչ պապը, կարծում է, որ Միկայի և Օսթվինդի միջև առանձնահատուկ կապ կա․ աղջիկը կարողանում է հասկանալ և զգալ ձիերին, ասես կենդանիներն իր հարազատ եղբայրները լինեն։

Անուղղելի թվացող ձիուն սպանդանոցից փրկելու համար, Միկան, ով նախկինում երբեք ձի չէր հեծնել, որոշում է մասնակցել ձիերի գալիք մրցաշարին, որպեսզի ապացուցի, որ Օսթվինդն «անհույս չէ»։ Ընդամենը չորս շաբաթվա ընթացքում աղջիկը կարողանում է ձիավարություն սովորել և ապացուցել տատիկին, որ ինքը և Օսթվինդը հնարավորություն ունեն հաղթելու գալիք մրցաշարում: Չէ, ամեն բան այդքան էլ հեշտ չէ, մրցույթն էլ հարթ չի անցնում։ Միշել անունով մի աղջիկ, որը Մարիա տատիկի նախկին լավագույն աշակերտն է, Միկայի հաջողության պատճառով նախանձից դիմում է ստոր քայլի։ Նա այրող քսուքով է պատում Օսթվինդի սմբակները և ելույթի ժամանակ ոտքերում ուժեղ անհարմարության պատճառով, ձին դուրս է գալիս վերահսկողությունից։ Սեմը փորձում է հանգստացնել ձիուն, սակայն գլխին հարված է ստանում ու տեղափոխվում հիվանդանոց։ Միկան հասկանում է, որ սա վերջն է. մրցաշարը ոչ թե օգնում է Օսթվինդին, այլ հակառակը՝ ավելի հաստատում ձիու անկառավարելի լինելու մասին կարծիքը։ Այժմ կենդանուն հաստատ սպանդանոց պիտի տեղափոխեն: Միկան որոշում է փախչել Օսթվինդի հետ և թաքնվել ընկերուհու մոտ՝ ծովի ափին գտնվող ամառային ճամբարում։

Ոստիկանությունը սկսում է փնտրել աղջկան։ Առողջական վիճակի պատճառով Միկան շուտով հայտնվում է հիվանդանոցում, որտեղ էլ հանդիպում է արդեն ապաքինված Սեմին։ Նրանք Մարիա տատիկին պատմում են ողջ եղելությունը ու խարդախ աղջիկը՝ Միշելը, պատժվում է։ Սակայն Օսթվինդն այդ պահին արդեն բեռնատարի մեջ է՝ սպանդանոցի ճանապարհին։ Բայց ճանապարհի կեսից ձին շրջում է մեքենան ու փախչում։ Երկու հարազատ ընկեր՝ Միկան ու Օսթվինդը հանդիպում են իրար։ Ամեն ինչ լավ է ավարտվում ու նրանք շարունակում են համատեղ ելույթները։

Ֆիլմի մեծ հաջողությունից հետո սցենարիստներ Քրիստինա Մագդալենա Հեննը ու Լեա Շմիդբաուերը գիրք են գրում, որն էլ հիմք է հանդիսանում նոր սցենարի համար։ Գիրքը հրատարակումից մեկ ամիս անց հայտնվում է բեսթսելերների առաջին հորիզոնկաններում։ Արդեն հաջորդ տարի՝ 2015-ին տեղի է ունենում «Արևելյան քամի 2» ֆիլմի պրեմիերան։ 2016-ին էլ թողարկվում է սիրված ֆիլմի շարունակությունը։ Այնպես, որ եթե ազատ ժամանակ ունեք, իսկ ամառային արձակուրդի հրաշալի կողմերից մեկն էլ ազատ ժամանակի առատությունն է, հարմար տեղավորվեք ու դիտեք 12 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված «Արևելյան քամի» ֆիլմի բոլոր երեք մասերը։ Հաճելի դիտում եմ մաղթում։

Ցուցադրել ավելի
Back to top button